ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները: Համաձայն ԿԸՀ պարզաբանման՚ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝
1. Օտարերկրյա քաղաքացիների համար՝ ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր կացության քարտ կամ մշտական կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու հատուկ անձնագիրը:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ներքին անձնագրով կամ այն անձնագրով, որը իրավունք է տալիս հատելու պետական սահմանը, եթե այդ անձնագրում առկա է Երևան քաղաքում հաշվառման վերաբերյալ նշում: Եթե քաղաքացու անձնագրում բացակայում է հաշվառման վերաբերյալ նշում, ապա անձնագրի հետ ներկայացվում է նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու փաստը հավաստող թիվ 3 ձևի տեղեկանքը:
2. Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1417-Ն որոշմամբ հաստատված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղութը:
3.Քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ318-Ն որոշմամբ հաստատված կացության վկայականը։