Սուրբ Գեղարդը բերվել է Մայր Տաճար` ի երկրպագություն ուխտավորների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը, Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Տոնը նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել` 2014 թվականի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով: Պատարագի ընթացքում Հայրապետական հանդիասավոր թափորով Սուրբ Գեղարդը բերվեց Մայր Տաճար` արժանանալով ուխտավորների երկրպագությանը: Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև այսօր երեկո:

«Այս խնդալից պահին հոգեկան ամենավեհ զգացումներով շնորհավորում եմ առաջին հերթին Ամենայն Հայոց Հայրապետին, սրբազան եպիսկոպոսաց ու քահանայաց դասերին այս տոնի առիթով: Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը մեր ազգային եկեղեցու մեծագույն տոներից է, քանի որ այդ երկու առաքյալներն աստվածային նախախնամությամբ դարեր առաջ` քրիստոնեության արշալույսին, եկան Հայաստան` քարոզելու Սուրբ Գիրքը»,-իր քարոզում նշեց պատարագիչ, Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Նրա խոսքով` ավետարանիչները Հայաստանում պարարտ հող գտան, քանի որ Հայաստանն ի սկզբանե եղել էր Աստծո կողմից ընտրյալ վայր` Նոյի տապանի հանգրվանը:

Անդրադառնալով Գեղարդի ուխտի օրվա խորհրդին` Տեր Ասողիկը գոհունակությամբ նշեց, որ աստվածային ցանկությամբ Քրիստոսին խոցած նիզակը` Սուրբ Գեղարդը, բաժին հասավ մեզ` հայերին: «Այս խառը ժամանակերում թող Սուրբ Գեղարդի զորությունը մեզ հաստատի մեր հավատքի մեջ»,-ավելացրեց պատարագիչը:

Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր: Այս տարի Ս. Գեղարդը Էջմիածնի Մայր Տաճար իջեցվեց նոյեմբերի 28-ին և հնարավորություն ընձեռնվեց ուխտավորներին երկրպագելու Ս. Նշանին և համբուրելու՝ հայց մատուցելով առ Աստված, որ Տերը հոգու և մարմնի բժշկություն, հավատքի ամրություն ու արիություն շնորհի նրանց:




Լրահոս