ՈՐՈՇ ԲԱՆԿԵՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում: Հիմնական պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, կապված է վարկային համակարգի հետ: Խնդիրը ավելի է սրվել «Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո, քանի որ տարբեր բանկերի այս ընկերության վարկային պարտքերը հասնում են 50-60 մլն դոլարի: Ու հիմա վարկատու կազմակերպությունները «Արմավիա»-ից չեն կարողանում ստանալ պարտքերը, մանավանդ որ այս ընկերությունը չունի ակտիվներ` դրանք օտարելու եւ պատքերը մարելու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, բանկային համակարգում հիմնական գլոբալ խնդիրը կապված է վարկի դիմաց բանկում գրավադրված գույքի հետ: Մասնավորապես, փաստաթղթերում ներկայացված գրավը շատ քիչ առնչություն է ունեցել իրականության հետ: Օրինակ՝ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը՝ հայտնի գործարար, որի անունն առայժմ չենք հրապարակում, գրավադրել է ունեցվածքը` ոչ միայն շինություններ, այլեւ կոնյակով լի տակառներ: Երբ ընկերությունը չի կարողացել վճարել պարտքը, ու բանկը ցանկացել է բռնագրավել այն, հայտնաբերել են դատարկ տակառներ: Բանկերից մեկում էլ գրավադրված է եղել 2 թռչնաֆաբրիկա՝ դարձյալ հայտնի գործարարի կողմից, որոնք գոյություն են ունեցել միայն փաստաթղթերով: Հաճախ կեղծ է եղել գրավադրված ոսկին կամ փաստաթղթերում ոսկու հարգը ավելի բարձր է գրված եղել, քան իրականում է: Հսկայական պարտքեր է կուտակել նաեւ «Սթար դիվայդ» ընկերությունը, որի ղեկավար Գեւորգ Աֆանդյանի ունեցվածքի մեծ մասը գրավի տակ է: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, հիմնական հարվածը, այնուամենայնիվ, հասցրել է «Արմավիա»-ի խնդիրը:
Այս համատեքստում շրջանառվում է հիմնականում երեք բանկի անուն` «Զարգացման հայկական բանկ», որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, «Հայբիզնեսբանկ», որն ամիսներ առաջ գնել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը, եւ «Արդշինինվեստբանկ»: Ընդ որում, ինչպես պատմում են մեր աղբյուրները, Հովիկ Հովսեփյանն իր եղբոր հետ այս բանկը գնելիս է պարզել, թե ֆինանսական ինչ վիճակում է գտնվում «Հայբիզնեսբանկ»-ը:
«ՎՏԲ-Հայաստան» բանկում էլ ամեն ինչ հարթ չէ. իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ավետիս Կապուտիկյանը, որը վաճառում է համակարգչային տեխնիկա ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 12 հասցեում եւ համագործակցում է բանկի հետ, խախտել է բանկի հետ կնքված համապատասխան պայմանագիրը եւ, հնարավոր է, ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ: «Այս կապակցությամբ եւ հաշվի առնելով այն փաստը, որ նման գործողությունները հանգեցնում են բարձր ռիսկայնության, շատ վտանգավոր են ՀՀ բանկային համակարգի համար, հասարակական մեծ վտանգ է ներկայացնում, «ՎՏԲ-Հայաստան» բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-նշված է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ բանկերի շուրջ առաջացած այս իրավիճակը լրջորեն մտահոգել է նաեւ Կենտրոնական բանկին. այս կապակցությամբ տեւական ժամանակ ԿԲ-ում խորհրդակցություններ են անցկացվել, որի մասնակիցները փորձել են իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել: Եվ ահա երեք օր առաջ ՀՀ ԿԲ խորհրդի նիստում անդրադարձ է եղել բանկերի կողմից վարկերի տրամադրման պայմաններին: Ըստ ԿԲ տարածած հաղորդագրության. «ԿԲ խորհրդի որոշումներով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում, «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը… եւ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների եւ դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 10/01-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ում»:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ վերոհիշյալ երեք բանկերից, սակայն մեր գրավոր հարցմանը պատասխանել են միայն «Արդշինինվեստբանկ»-ի նամակների եւ թղթակցությունների բաժնից. «Բանկը չունի որեւէ խնդիր՝ կապված գրավադրված գույքի (անշարժ ու շարժական) փաստացի գոյության հետ»:
Վերջում հավելենք, որ Հայաստանում հետզհետե ոչ եկամտաբեր բիզնես է դառնում բանկ բացելը, ու չի բացառվում, որ մոտ ապագայում մի շարք փոքր բանկեր պարզապես դուրս գան արենայից:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս