«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անմիջական կապ ունի նույն մարզի նախկին ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանին վերագրվող մեղադրանքների հետ: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ տեղը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012-ին կառավարության կողմից Վայոց Ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը, ինչի առթիվ արդեն քրգործ է հարուցվել: Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես կապ չունեմ այդ ամենի հետ: Մենք ընդամենը ոստիկանությունից նամակ էինք ստացել, որով տեղեկատվություն էին պահանջում 2012-ին կառավարությունից ստացված եւ բաշխված դիզվառելիքի մասին: Եվ մարզպետարանն էլ իր հերթին դա տրամադրել է: Բայց ես իմ պաշտոնավարման շրջանում դիզվառելիքի ստացման եւ բաշխման գործընթացը ստուգելու մասով ստեղծել եմ հանձնաժողով, որպեսզի ստուգվի, թե դա իմ պաշտոնավարման ընթացքում ինչպես է տեղի ունենում»:
Հիշեցնենք, որ Ս. Բագրատյանն անցյալ տարի սեպտեմբերի 23-ին Արտաբույնք համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հարվածել էր ոստիկանին, որի համար բերման էր ենթարկվել ոստիկանություն:
ՆՈՐԸ ՆԱԽԿԻՆԻ ԴԵ՞Մ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ