ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եղբորս աղջիկն ապրում եւ սովորում է Ռուսաստանի Դաշնությունում, բայց հիմա ընտանիքով պետք է վերադառնան Հայաստան, եւ ուզում ենք իմանալ, թե ինչպես է իրականացվում օտարերկրյա բուհերից հայաստանյան բուհեր ուսանողների տեղափոխումը: Այսինքն՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք:

Մարուսյա Եղիազարյան (49 տարեկան, լաբորանտ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհից Հայաստանի Հանրապետության բուհ ուսանողի տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխության մասին որոշումն ընդունում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարը՝ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե ինչպես է ռեկտորն առաջարկում, իսկ կրթության եւ գիտության նախարարությունն էլ համաձայնում այլ երկրից Հայաստան տեղափոխված մեր հայրենակցի ուսումն անվճար շարունակելուն… Նույնքան անհայտ է, թե ընդունող բուհն ինչի հիման վրա է դրական կարծիք կազմում, երբ քննությունների կամ գիտելիքների ստուգման մասին պատասխանում ոչինչ չի նշվում:




Լրահոս