Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով տարեսկզբին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է անբավարար:
«Խիստ դժգոհ եմ հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումից: Հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել ձեր՝ ոլորտի պատասխանատուներիդ աշխատանքը: Դուք պարտավոր էիք ապահովել մեր համաքաղաքացիների հասարակական տրանսպորտով տեղաշարժը, առանց սպասելու, որ ես զանգեմ ձեզ այդ հարցով:
Նման աշխատաոճն անընդունելի է, հետևություն արեք այդ ամենից: Այդ թվում նաև «Ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲԸ-ների տնօրեններին է վերաբերում հորդորս»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին: