Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի գործողությունները վտանգ են ներկայացնում ողջ աշխարհի համար. գրում է Hurriyet-ը:
«Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն նրա և տարածաշրջանի համար, այլև` ողջ աշխարհի»,-հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում դեսպանների մասնակցությամբ ամենամյա կոնֆերանսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Սիրիայի հարցում Մոսկվայի քայլերը լուրջ խնդիրներ առաջացրին Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում:
«Ռուսաստանը չի պայքարում «Իսլամական պետության» դեմ, ընդհակառակը` նա պայմաններ է ստեղծում Լաթաքիայում նոր պետության ստեղծման համար: Նա ավիահարվածներ է հասցնում մեր թուրքմեն եղբայրների ուղղությամբ: Ռուսական ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակը Ռուսաստանի համար պատրվակ էր, որպեսզի խզի երկկողմը հարաբերությունները»,-Hurriyet-ը մեջբերում է Թուրքիայի նախագահի խոսքը: