Որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան լիներ, ստիպված կշրջանցեինք, ինչ-որ բան կհնարեինք. ճարտարապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի վերջին պատմական շենքերից մեկն այլեւս հիշողություն է: Արամի 30 հասցեում գտնվող մոտ երկու դար ապրած կարմիր տուֆից շենքը ոչնչացվեց մի գիշերվա ընթացքում: Երեւանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ շենքը քանդվել է Արամի եւ Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով: Տարածքի քաղաքաշինական ծրագիրը նախագծող, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ով նաեւ Երեւանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ եթե Արամի 30 հասցեի շենքը հուշարձան լիներ` իրենք ստիպված կշրջանցեին այն, «ինչ-որ բան կհնարեին»:

-Պարո՛ն Ալեքսանյան, Ձեր վերջին ասուլիսի ժամանակ նշել եք, որ Արամի 30 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային արժեք չուներ եւ այն երբեք հուշարձան չի եղել: Հետաքրքիր է` ըստ Ձեզ` ինչպե՞ս է որոշվում` որ շենքն է արժեքավոր եւ որը` ոչ. դա ամրագրվում է միայն փաստաթղթերո՞վ, այլ չափանիշներ չկա՞ն:

-Կան հատուկ ատյաններ, որոնք որոշում են. այդ ատյաններից է մշակույթի նախարարությունը` իր համապատասխան բաժիններով:

12552805_982593068488426_5474662643099779701_n

-Իսկ եթե այն ապահովում է Հին Երեւանի կոլորի՞տը:

-Եթե շենքը դառնում է մեր կոլորիտի մի մասը, պարտադիր չի, որ դրա արժեքը ամրագրված լինի, այն կարող է եւ պահպանվել, բայց խոսքը հետեւյալին է վերաբերում. ինքնանպատա՞կ է պահպանելը, թե՞ քաղաքս քաղաք պետք է սարքենք:Թամանյանը հրապարակը սարքեց, իսկ մենք ուզում ենք «թեթեւացնել» տրանսպորտը, լայնացնել Արամի փողոցը եւ հեռացնել թանգարանի (նկատի ունի` Ազգային պատկերասրահի) պատից: Մայթը պետք է լայնացնենք, քանի որ այն սահմանափակ շարժումներով մարդկանց համար հարմար չէ, շատ վատ վիճակում է…Հրապարակը պետք է վերակառուցենք…Իսկ այդ շենքը (նկատի ունի Արամի 30 հասցեի արդեն նախկին շինությունը) փոքրիկ ասեղիկ է, գնդասեղի ծայր է, որը խոչընդոտում է եւ պետք է ապամոնտաժվի: Այն ոչ հուշարձան է, ոչ էլ գեղագիտական «հնչողություն» ունի: Այսօր մենք հրապարկն ենք դրել վտանգի տակ: Պետք է հրապարակը կարողանանք վերակառուցել: Ձեզ դու՞ր էր գալիս, որ մի ամիս առաջ տոնածառը դրել էինք հրապարակի կենտրոնում, եւ ոչ մի երեխա այդպես էլ չմոտեցավ տոնածառին, այն ու՞մ համար էինք այդտեղ դրել. ավտոմեքենաների համա՞ր, որ շուրջպար բռնեն: Մատաղ սերնդին այդպե՞ս ենք մեծացնում: Տոնածառը պետք է լինի երեխաներով շրջապատված:

-Բայց այդ մատաղ սերունդը կանգնած է սեփական քաղաքի հիշողությունը կորցնելու վտանգի առջեւ: Այս պարագայում տոնածառի գաղափարն ավելի՞ եք կարեւորում:

-Երեխաների՛ գաղափարն է կարեւոր, ոչ թե տոնածառի, ես օրինակ եմ բերում…Իմ ապագան է ինձ համար կարեւոր. երեխաները մեր ապագան են:

-Իսկ Ձեր նշած խնդիրները լուծելու այլընտրանքային տարբերակներ չկայի՞ն:

-Այլընտրանք չկա. շենքը գտնվում էր տրանսպորտային հանգույցում. այլընտրանքը ո՞րն է:

-Նշել եք, որ ոչ մի անհատական շենք մեծ միջավայրում չի կարող ապրել. նրան իրեն հարազատ միջավայր է պետք: Գուցե մե՞նք պետք է հարմարվենք դրանց միջավայրին, ոչ թե շենքերի ճակատագիրը համապատասխանեցնենք մեր հարմարություններին:

-Ես դարձյալ շեշտում եմ, որ նման առանձին շենքերը երկար կյանք չունեն, կարող են գոյատեւել, բայց դա շենքը պահպանելու վատագույն տարբերակն է…Ես նորից եմ ասում` մենք քաղաք ենք սարքում, որտեղով պետք է տանենք կոմունիկացիաներ, եւ պետք է լայնացնենք ավտոճանապարհը, մայթը…Որ ասեմ` այդ շենքը հուշարձան էր, հուշարձան չէր…Որ հուշարձան լիներ` ստիպված կշրջանցեինք, ինչ-որ բան կհնարեինք…Այդպես չի էլի, քաղաքն այդպես չեն կառուցում: Հյուսիսային պողոտան բերել, դեմ ենք արել մի քոսոտ, նեղլիկ մայթի, ավտոմեքենաները Աբովյան փողոցի հաշվին մտել են մայթի տարածք…

12472670_982593115155088_912308132507244726_n

-«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր . «Արամի 30-ի քանդումը, որը կրկին գլխավորեցին Երեւան քաղաքի հետ ծնունդով եւ հոգով որեւէ կապ չունեցող անձինք, ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ»: Քաղաքացիները մտահոգված են, որ հաջորդ «թիրախը» կարող է դառնալ հենց պատկերասրահը: Ի՞նչ կասեք:

-Պատկերասրահի շենքի վերաբերյալ ես ունեմ իմ անձնական կարծիքը. այն պետք է պահպանել եւ թմբուկը վերակառուցել: Կարծում եմ` ամեն ինչ քանդելով չէ, որ պետք է սարքենք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս