ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՅԹԱՔԵ՞Լ Է
Նախօրեին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող Մարգարայի ջրանցքից տղամարդու դի էր հայտնաբերվել: Մահացածը 59-ամյա Միշա Մուրադյանն էր: Պարզվում է՝ Միշան Ջանֆիդա գյուղի բնակիչ էր եւ մի քանի անգամ ամուսնացած է եղել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ջանֆիդայի ղեկավար Ռաֆիկ Եղիազարյանը. «Գյուղից մեկի մասնավոր հովիվն էր, խմիչքի հետ սեր ուներ ու այդ կողմով անցնելիս սայթաքել ընկել է: Նույնիսկ դեպքի օրն էլ քեֆը լավ է եղել ու ընկել է, թե չէ ինքնասպանություն չէ»:

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԵՆ
1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման խնդիրը լուծելու նպատակով երեկ կառավարությունը որոշում է կայացրել Երեւանի Աճառյան 20/3, Շիրակի 2-ա հասցեում գտնվող թիվ 7, Մոլդովական 29/1 եւ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող ավելի քան 2 տասնյակ փախստական ընտանիքների զբաղեցրած տարածքները նրանց սեփականաշնորհելու մասին: Բնակարանների մակերեսը հիմնականում չի գերազանցում 20 քմ-ն:

ՀՈՎԻԿԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պետբյուջեից 3 մլն 370 հազար դրամ է տրամադրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղի կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայանին՝ արհեստական սերմնավորման համար, իսկ Մարտունու նույն կայանին հատկացրել ընդամենը 1 մլն 730 հազար դրամ: ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հատկացված գումարի տարբերությունը մեկնաբանեց կայաններում պահպանվող սերմնահեղուկի չափաքանակով: Ըստ նրա` Մխչյանի կայանում պահպանվում է սերմնահեղուկի 270 հազար, իսկ Մարտունիում` 120 հազար չափաքանակ: Ավելին, ըստ նրա՝ Մխչյանին ավելի շատ գումար հատկացվել է դեռ խորհրդային տարիներից, եւ դա կապ չունի ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ էլ ծնունդով Արարատի մարզից գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ:

ԱՅԴՔԱՆ ՏՈԿՈ՞Ս
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, բացահայտել է իր եկամուտների աճի գաղտնիքը. «Իմ եկամուտները վերջին տարիներին չեն ավելացել, ավելացել են այնքանով, որ դրանց վրա բանկային տոկոսներ են գումարվել»:

ՊԵ՞ՏՔԸ ՉԷՐ
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով երեկվա դատական նիստում վկաները շարունակել են ցուցմունքներ տալ եւ  նշել, որ  իրենց հարազատները մեկնել են արտերկիր եւ թոշակ չեն ստացել: Իսկ ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանը դատական նիստի ընթացքում զբաղված էր «Basic English Grammar» դասագրքի ընթերցանությամբ:




Լրահոս