ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՆՐԻԽԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ
Մայիսի 22-ին Ուկրաինայի գավաթի եզրափակչում «Շախտյոր»-ը 3:0 հաշվով առավելության հասավ «Չերնոմորեց»-ի նկատմամբ եւ նվաճեց երկրի գավաթը:
Իհարկե, հայ եւ ոչ միայն հայ ֆուտբոլասերներն անհամբերությամբ սպասում էին, որ հերթական անգամ գոլի հեղինակ կդառնա Ուկրաինայի առաջնության ռեկորդակիր, մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ողջ հանդիպմանը: Սակայն դա, ցավոք, այս անգամ տեղի չունեցավ` չնայած նա ունեցավ մրցակցի դարպասը գրավելու մի քանի իրական պահ: Ամեն դեպքում, Հենրիխը հերթական անգամ լավ հանդես եկավ` անմիջական մասնակցություն ունենալով երկու գոլի կայացման գործում: Իսկ գոլերի հեղինակներ դարձան Ֆերնանդինյոն, Տեյշեյրան եւ Թայսոնը: Այսպիսով՝ դոնեցկյան ակումբն իր պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Ուկրաինայի գավաթը:

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Մոսկվայում կայացած ՖԻԼԱ-ի (ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) արտահերթ կոնգրեսում տեղի է ունեցել նախագահի ընտրություն, եւ այդ պաշտոնում հաստատվել է միակ թեկնածու Նենանդ Լալովիչը: Նաեւ քննարկվել ու փոփոխվել են ըմբշամարտի կանոնները:
Ինչպես նշել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, վերականգնվել են 15-20 տարի առաջ եղած կանոնները, իսկ այն ժամանակ մարզաձեւը հանդիսատեսի պակաս չի ունեցել: Ի դեպ, ՄՕԿ-ի` ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանելու որոշման համար հիմք հանդիսացող փաստարկներից մեկը մարզաձեւի ոչ դիտարժան լինելն էր, եւ, ըստ գլխավոր մարզչի, կանոնների փոփոխությունն այն նորից դիտարժան կդարձնի:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն էլ այն կարծիքին է, որ լավ պատրաստված մարզիկների համար նոր կանոններով գոտեմարտելը դժվար չի լինի: Նա ընդհանրապես դրական է վերաբերում փոփոխություններին` մասնավորապես նշելով, որ վերջապես նորմալ կանոններ են հաստատվել, եւ, ըստ նոր կանոնների, մրցավարներն ավելի քիչ են միջամտելու գոտեմարտին, գրեթե ամեն ինչ մարզիկի ձեռքերում է լինելու: Իսկ այդ փոփոխություններն ավելի դիտարժան կդարձնեն ըմբշամարտը:
Մայիսի 29-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՄՕԿ-ի ասամբլեան, որի ժամանակ կրկին կլինի ըմբշամարտի շնորհանդես, իսկ ըմբշամարտի վերաբերյալ վերջնական որոշումը ՄՕԿ-ը կկայացնի սեպտեմբերի 10-15-ը Բուենոս Այրեսում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս