Ո՞ՒՐ ՊԻՏԻ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը քաղաքագետների միության կողմից հրավիրված քննարկման ընթացքում կոչ է արել Հայաստանին ընդունել հետխորհրդային տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացների գագաթնակետը համարվող Եվրասիական միությանը միանալու Ռուսաստանի առաջարկը: Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջեւ բանակցությունները պետք է կառուցվեն վստահության կամ փոխադարձ շահերի համատեքստում:
«Փոխադարձ շահերի տրամաբանությունը վստահության տրամաբանությամբ փոխելու համար պետք է վերադառնալ նրան, ինչը վստահություն է առաջացնում: Հայաստանը Ռուսաստանի հետ, գազից ու զենքից խոսելուց բացի, այլ խոսելու թեմաներ էլ ուներ, բայց այդ ժամանակներն անցել են: Եթե այդ խոսակցությունը վերականգնվի, այդ ժամանակ Հայաստանը Ռուսաստանի համար յուրային կդառնա, եւ անբնական կհամարվի այլ կողմին` Ադրբեջանին, զենքի վաճառքը»,-հայտարարել է Կուրղինյանը՝ հիշեցնելով, թե որքան նշանակալից է ՌԴ-ի դերը ԼՂ հակամարտությունների կարգավորման եւ, ընդհանրապես, Արցախին աջակցելու գործում:
Ակնհայտ է, որ Հայաստանը կանգնած է ինտեգրման գործընթացների խաչմերուկում, եւ այսօրինակ հայտարարությունները, որոնք հնչում են իբրեւ մարտահրավեր, ավելի են խճճում ստեղծված անորոշ իրավիճակը:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս վարվել, որտե՞ղ փնտրել մեր շահը: Անսա՞լ բանախոսի կոչին` գնալ դեպի Եվրասիական միություն, ու այդ ընթացքում բախվել եվրոպական բազում քաղաքական պայմաններին, թե՞ որդեգրվել Եվրամիությանը` հարուցելով պաշտոնական Կրեմլի զայրույթը, ինչն իր հերթին կհանգեցնի աշխարհաքաղաքական ու տնտեսական անկայունության:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինտեգրումը մեր երկրի համար պարտադիր ու կենսական քայլ է, բայց նայած՝ ինչ պայմաններով ենք ուզում ինտեգրվել: Մենք ներկայումս ոչ մի «ինտելեկտ» պարունակող արտադրանք չունենք: Եվրոպացիները, շփվելով մեր իշխանավորների հետ, հասկացնում են, թե գնացե՛ք, հո՛ղ մշակեք, անասո՛ւն պահեք: Այսինքն՝ հեռանկարի առումով զարգացման ոչ մի ակնկալիք չի սպասվում: Լավագույն դեպքում կարող ենք Հունաստանի կամ Պորտուգալիայի նման երկիր դառնալ` մշտապես ճգնաժամի ենթակա: Բայց մենք պահանջատեր երկիր ենք, ուզում ենք մեր հարեւանների հետ «դու»-ով խոսել, դրա համար մեզ պետք են հզոր արդյունաբերություն ու հզոր բանակ: Սակայն մի բան է ցանկությունը, մեկ այլ բան` մեր պոտենցիալ հնարավորությունները, մանավանդ որ ունենք տեխնոկրատիայից հեռու ասմունքող «հայրենասեր-նժդեհականների» իշխանություններ: Համ էլ էդ ո՞վ ասաց, որ եվրոպացիներն ուզում են՝ մենք ինտեգրվենք իրենց հետ: Բացե՛ք կառավարության 2010թ. ընդունված ծրագիրը, որը կազմել են եվրոպացիների հետ, եւ կտեսնեք, որ մինչեւ 2020թ. մեզ ոչ մի լուրջ ինտեգրացում չի սպասվում: Սրանք ստախոսներ են: Մենք տեխնիկապես պատրաստ չենք «ինտեգրվելու»: Լավագույն դեպքում կարող է պարզեցնեն վիզային ռեժիմը, ինչը կնպաստի Հայաստանի լրացուցիչ հայաթափմանը: Ամբողջ խնդիրն այն է, որ առանձնապես որեւիցե ակնկալիք չի կարելի սպասել նաեւ Եվրասիայից: Ինտեգրումը պետք է նախ եւ առաջ մեր խնդիրը դառնա, պարզենք, թե մենք ինչ ենք ուզում, որ հետո նոր կողմնորոշվենք: Այլապես մնացածը բլեֆ է:

ՂՈՒԿԱՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ
1993-1999թթ. կառավարությանն առընթեր «Հայպետստանդարտ»-ի վարչության պետ, ԵՊՏՀ-ի դասախոս
շարունակելի
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս