«ՀԵՏՔԵՐՈՎ ՈՐԲԵՐԻ ՀԱՅՈՑ»
Օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների ցուցասրահում առաջին անգամ ցուցադրվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի լուսանկարների բացառիկ հավաքածուն` «Հետքերով որբերի հայոց» խորագրով: «Մեծ պատիվ էր համագործակցել «Նարեկացի» արվեստի միության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ՝ լույս սփռելու հայ-ամերիկյան հարաբերությունների մի կարեւոր էջի վրա: 1915թ.՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին, 1,5 միլիոն հայեր կոտորածների ու տեղահանության զոհ դարձան: Ամերիկացիներն այս վայրագություններին արձագանքեցին զայրույթի բուռն պոռթկմամբ՝ դրսեւորելով վճռականություն ու կարեկցանք, ինչը վերաճեց պատմության մեջ մինչեւ այդ երբեւէ գրանցված ամենախոշոր մարդասիրական առաքելության…»,-նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:
ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ
Հանգստյան օրերին լրատվամիջոցների ներկայացուցիչները մրցեցին միմյանց հետ, բայց ոչ թե գրչով, այլ սպորտի միջոցով: «Ժողովուրդ» օրաթերթի ակտիվ աշխատակազմը մասնակցեց բոուլինգի առաջնությանը: Մեր լրագրող Նատալյա Պողոսյանը զբաղեցրեց չորրորդ տեղը: Կին լրագրողների մեջ առաջին տեղը գրավեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդավար Մարինե Կարապետյանը: Իսկ տղամարդկանց մեջ առաջինն «Առավոտ»-ի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանն էր:
ԱՆՎՃԱՐ ՀԱՄԵՐԳ
«Դորիանս» խումբը բացօթյա անվճար համերգ կտա` այդպիսով հայտնելով իր շնորհակալությունը «Եվրատեսիլ» մրցույթում իր աջակիցներին: Համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Կասկադի տարածքում: Սկիզբը` 21:00-ին: Ահա թե ինչ է ասված խմբի տարածած հաղորդագրության մեջ. ««Եվրատեսիլ»-ից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում՝ մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից…»: