ՀՀ կառավարությունը 2016 թվականին կշարունակի համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնմանն ուղղված ծրագրերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:
Որպես 2016-ի գերակա խնդիր ներառելով համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը Երևան քաղաքում և հանրապետության մարզերում՝ ՀՀ ոստիկանությունը նպատակ ունի մոտ ապագայում շոշափելի ձեռքբերումներով կատարելագործել համայնքային ոստիկանության գործունեությանը խթանող սոցիալիրավական անհրաժեշտ պայմաններն ու նյութատեխնիկական բազան:
Մասնավորապես, 2016-ի ընթացքում նախատեսվում է ստեղծել համայնքային ոստիկանության ևս 4 նոր հենակետ, ապահովել դրանք անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով և անցկացնել վերապատրաստումներ համայնքային ոստիկանության ծառայողների համար: Սույն գերակա խնդիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ ոստիկանության համապատասխան արտաբյուջետային միջոցների հաշվին: Լրացուցիչ ֆինանսավորում ՀՀ պետական բյուջեից չի ակնկալվում: