Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին ասաց, որ «նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը՝ հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքով»:
Այս հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց` հունվարի 20-ի նիստի ժամանակ, Աբրահամյանն անդրադարձավ պետական գերատեսչությունների աշխատակիցների եւ նախարարների կարգապահությանը: «Ես անձամբ հետևելու եմ, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,-ասաց նա:
Սակայն, ինչպես երեւում է, այնքան էլ լուրջ չեն ընդունվել ՀՀ վարչապետի հորդորները, քանի որ մի շարք նախարարներ շարունակում են հետնամուտքով դուրս գալ: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ երեկ հարցախույզ է արել մի շարք պաշտոնյաների շրջանում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան
-Պարո՛ն Նազարյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում ներկաներին հորդորել էր գլխավոր մուտքից դուրս գալ: Ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս: Լրագրողներից փախչո՞ւմ եք:
-Բայց ինչու եմ փախչում, եթե փախչեի, ես Ձեզ հետ չէի զրուցի: Այս պահին ինձ շտապ պետք է հասնել հիվանդանոց, դրա համար այսպես եմ դուրս գալիս, այսպես հարմար է:
-Այսինքն՝ խուսափելու բան չունե՞ք:
-Իհարկե ոչ, ես միշտ բաց եմ լրագրողների համար:
-ՀՀ վարչապետը օրեր առաջ հորդորել էր պարտաճանաչորեն հաճախել աշխատանքի՝ նկատի ունենալով, որ մարդիկ ուշ են գալիս եւ շուտ հեռանում աշխատանքից: Ինչո՞ւ նման հայտարարություն արեց, ո՞ր գերատեսչությանը նկատի ուներ, գուցե Ձե՞ր:
-Բայց ինչո՞ւ իմ: Իրեն կարող եք հարցնել:
-Ձեր աշխատակիցները պարտաճանաչորեն հաճախո՞ւմ են աշխատանքի:
-Դուք կարող եք առավոտյան 9-ին լինել մեր մոտ եւ տեսնել, որ 9 անց 15 րոպե արդեն ստորագրությունների մատյանը վերցվում է…
-Իսկ կեղծիքներ չեն կարո՞ղ անել:
-Էս ինչ հարցեր եք տալիս:
Արփինե Թովմասյան
շարունակելի…