Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Երեւանի Հանրապետության հրապարակի վերակառուցման համար: Սակայն մրցույթի գաղափարը, ինչպես շատ ճարտարապետների, այնպես էլ հրապարակի ճակատագրով մտահոգված քաղաքացիների շրջանում լուրջ քննադատության տեղիք է տվել: Ի՞նչ տեսք պետք է ունենա վերակառուցվելիք հրապարակը, եւ, առհասարակ, ի՞նչ նպատակներ է հետապնդում քաղաքապետարանը՝ այն վերակառուցելով: Այս հարցերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, տեղյա՞կ եք՝ ինչ նոր ծրագիր է հրապարակը վերակառուցելու մասով: Ինչպե՞ս կմեկնաբանեք երեւույթը:
-Հրապարակը բացառիկ կառույց է: Իհարկե, նախկին Լենինի արձանի տեղի վերաբերյալ որոշակի մտահոգություններ նախկինում կային, բայց որեւէ այլ կարգի միջամտություն՝ կապված շենքերի կամ նոր կառույցների ստեղծման հետ, ուղղակի անընդունելի է: Առանց այն էլ սրան հարակից որոշ կառույցներ, որոնք իրենց ծավալով եւ մեծությամբ շատ ավելին են, քան հրապարակի վրա տեղադրված շենքերը, տգեղացնում ու գռեհկացնում են այդ հրաշալի կառույցը: Միայն Լենինի արձանի տեղը պետք է միջամտություն լինի, այն էլ այնքան նուրբ, որ այդ հրաշալի կառույցը չգռեհկանա: Հիմա քաղաքի կենտրոնի մասն այնքան շատ ենք աղտոտել տարբեր կարգի բարձրահարկ, անկապ շենքերով, եթե սա էլ փչացնենք, ապա իմացե՛ք՝ քաղաքի համար, եթե չասեմ կործանարար, ապա ողբերգության նման բան կլինի: Չի կարելի:
-Երեւանի քաղաքապետի այդ մտադրությանը շատ քննադատներ կարծիք հայտնեցին, որ մարդիկ սոված են, բայց մեր քաղաքապետարանը կամ, առհասարակ, գլխավոր ճարտարապետը, հրապարակը քանդելուց բացի, այլ կարեւոր խնդիր չեն տեսնում:
-Միանգամայն կիսում է եմ Ձեր հարցադրման մտահոգությունը: Ախր դա հրատապ խնդիր չէ: Այս քաղաքն այնքան լուրջ խնդիրներ ու պրոբլեմներ ունի, որ ուղղակի այս հարցին անդրադառնալը չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է նշանակում: Եթե իրենց մտածած ծրագիրն են կյանքի կոչելու` հերթական հյուրանոց, չգիտեմ ինչ անկապություն անելով, դա շատ վատ է: Աստված տա՝ ես սխալվեմ:
-Իսկ եթե չսխալվե՞ք:
-Հակառակը լինելու դեպքում ես էլ Ձեզ հետ բողոքողներից եւ պայքարողներից մեկը կլինեմ:
-Երեւանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ պետք է այնպես անել, որպեսզի Հանրապետության հրապարակը ծառայի մարդկանց: Նրա մեկնաբանմամբ՝ մեր հրապարակի հիմնական մասը` մոտ 2 հեկտար տարածքը, չի օգտագործվում. ժողովուրդն օգտագործում է միայն շատրվանների հատվածը: Այսինքն՝ մինչ այս մրցույթը հայտարարելը հրապարակը չէ՞ր ծառայում մարդկանց:
-Ո՛չ, չեմ կիսում նրա տեսակետը, եւ ինձ համար անհասկանալի է այդ մոտեցումը: Անկեղծ ասած, մեր քաղաքը հրապարակների առումով հարուստ չէ, եւ ավելին ասեմ, մեր բոլոր հրապարակները փչացնելու հիվանդագին դրսեւորում կա, ու չգիտեմ՝ ինչու է դա այդպես: Հիմա էլ հերթը հասել է Հանրապետության հրապարակին: Այո՛, առանձին դետալներ կարելի է փոփոխել, բայց շենքային առումով դա համարում եմ անընդունելի:
-Բայց մրցույթը հայտարարված է, եւ կա լուրջ մտադրություն: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունեն:
-Անգամ չեմ կարողանում պատկերացնել, բայց եթե հասարակական ճնշում լինի, բարձունքում ոչ ոք չի համարձակվի ոչինչ անել, մեկի հյուրանոցը հրապարակում ավելացնել կամ ինչ-որ բան փոփոխել:
-Ի՞նչ եք կարծում՝ ընդվզում կլինի՞:
-Արդեն իսկ կա, Ձեր մտահոգությունն է այդ ամենի վառ ապացույցը:
-Դուք, Երեւանի նախկին քաղաքապետ լինելով, ինչպե՞ս եք պատկերացնում հրապարակի ճարտարապետական նորովի, ավելի ժամանակակից լուծումը:
-Ցավոք սրտի, իմ քաղաքաշինական եւ ճարտարապետական գիտելիքներն ինձ թույլ չեն տալիս հրաշալի լուծում առաջարկել, եւ բարձրաձայն կասեմ, որ մյուս միջակությունները նույնպես այսպես մտածեն:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 552 համար