Օդնոկլասնիկի միջոցով հափշտակել է գումարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արթիկե քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալ Արմեն Եգորյանը հաջողացրել է նորից դատապարտվել՝ ամուսնանալու խոստումներ տալով Գավառի բնակչուհուց գումարներ հափշտակելու համար։
 
Արմեն  Եգորյանը  քրեակատարողական հիմնարկում էր հայտնվել ավազակային հարձակում կատարելու համար Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հոկտեմբերի 9-ի դատավճռով 9 տարվա ազատազրկման դատապարտվելու արդյունքում։ Սակայն դատապարտյալը ժամանակն անիմաստ չի “վատնել” նաեւ “Արթիկ”-ում՝ նախաձեռնելով հանցագործություն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ։  
 
Այսպես, ըստ մեղադրանքի, 2012թ. օգոստոսի 31-ին համացանցի ,Օդնոկլասնիկիե սոցիալական կայքի միջոցով Ա.Եգորյանը  ծանոթացել է Գավառ քաղաքի բնակչուհի Հասմիկի հետ, ներկայացել “Արմեն Սարգսյան”  անուն-ազգանունով, հաղորդագրություններով և  հեռախոսազանգերով նրա հետ շփվելու ընթացքում խաբել, որ իբր ամուսնացած չէ, դատապարտվել է վրաերթ կատարելու համար մեկ տարի ժամանակով ազատազրկման և  մնացել է պատիժը կրելու վեց ամիս, խոստացել է ամուսնանալ: Խաբելով, որ 2012թ. սեպտեմբերի 7-ին վաղակետ ազատվելու համար իրեն գումար է անհրաժեշտ, որը ազատվելուց հետո նույն օրը կվերադարձնի, խաբեությամբ և  Հասմիկի վստահությունը չարաշահելով՝ 2012թ. սեպտեմբերի 3-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում իր ուղարկած մարդկանց միջոցով նրանից վերցրել և  հափշտակել է 1.978.304 ՀՀ դրամին համարժեք խոշոր չափի ընդհանուր արժողությամբ 12 անուն ոսկյա զարդեր և  100 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Դրանք ծախսել է  անձնական կարիքների համար և  չի վերադարձրել:
 
Դատապարտյալը դյուրահավատ աղջկան ստել էր ոչ միան  իր կատարած հանցագործության  բնույթի, այլ նաեւ ընտանեկան դրության հարցում, քանի որ ավազակության համար դատապարտվածը ամուսնացած էր ու խնամիքին ուներ նաեւ 14 տարեկան երեխա, ինչը դատարանը դիտարկել էր որպես մեղմացուցիչ հանգամանք խարդախության համար պատիժը նշանակելիս։ 
 
Դատարանում Արմեն  Եգորյանը ընդունել է առավադրված մեղադրյանքը՝ խարդախությամբ գումար հափշտակելը եւ  միջնորդել գործը քննել արագացված դատական քննության կարգով, ինչը բավարարվել է։ 
 
Ի դեպ, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պատիժը նշանակելիս ոչ միայն մեղմացուցիչ, այլ նաեւ ծանրացնող հանգամանքներն է հիմք ընդունել, որպիսիք տվյալ պարագայում ամբաստանյալի կողմից հանցանք կատարելու վտանգավոր ռեցիդիվն է:
 
Դատարանն այսպիսով Արմեն  Եգորյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեկան օրենսգրքի 178-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 3  տարի 4 ամիս ժամկետով:  Նշված պատժին մասնակի գումարվել է նաև  Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի, նախորդ՝ 09.10.2009թ. դատավճռով և  նշված դատարանի 27.06.2011թ. դատավճռի վերանայման որոշմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի չկրած մասից 2 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկումը և  նշված դատավճռով ու վերանայման որոշմամբ նշանակված լրացուցիչ պատիժը՝ գույքի 1/4 մասի բռնագրավումը և նրա նկատմամբ վերջնական պատիժ  է նշանակվել ազատազրկում 6  տարի ժամկետով՝ գույքի 1/4 մասի բռնագրավմամբ:
 
Փաստինֆո




Լրահոս