ԱՂՔԱՏՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետության տոն եւ արքայական ընդունելություն, երկու տոնական համերգ, երկու մրցանակաբաշխություն եւ երկու քննարկում: Գումարած` հանդիպումները: Այս ամենը տեղի է ունեցել անցնող շաբաթ»,-ահա այսպես է ՀՀ նախագահի մամուլի նոր խոսնակը հանրությանը ներկայացնում Սերժ Սարգսյանի  անցած մեկ շաբաթվա աշխատանքային գործունեությունը: Նախագահականի երեկ տարածած  տեսանյութում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղից հանրությանը ծանոթ ձայնը հենց այդ խաղի անվանմանը համահունչ կերպով էլ ներկայացնում է Ս. Սարգսյանի գործունեությունը: Այդ տեսանյութը դիտելիս այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը Նորվեգիայի կամ առնվազն Շվեյցարիայի  նախագահն է, եւ այդ նրա ղեկավարած երկրի քաղաքացիների կեսը չէ, որ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, այդ նրա ղեկավարած երկրի քաղաքացիների կեսից ավելին չէ որ արտագաղթել է ու ամեն կերպ ելքեր է փնտրում արտագաղթելու համար, այդ նրա ղեկավարած երկրի քաղաքացիների բացարձակ ամբողջությունը չէ, որ  արդարության եւ վաղվա օրվա հետ կապված որեւէ հույս չի փայփայում: Սարգսյանը  վեհահունչ երաժշտության ներքո անընդհատ անցնում է իր նախագահական շքեղ վերանորոգված (ականջդ կանչի, Սամվել Կարապետյա՛ն` Կալուգայի Սամո)  նստավայրի դահլիճներով` մե՛կ այս կամ այն պատվիրակությանը հանդիպելու, մե՛կ պարգեւներ ու շքանշաններ հանձնելու, մե՛կ էլ  որեւէ արքայազն ընդունելու ու նրա հետ մի-մի բաժակ սուրճի շուրջ  (ի դեպ, անգլիացիները թեյի սիրահար են) երկրիս ընդերքի հարստությունները  թալանելու հարցերը քննարկելու: Մի խոսքով` «վույ աման, վույ աման, վույ աման, թագավոր լինելուց էլ լավ բան»: Իսկ եթե ավելի լուրջ` առնվազն տարակուսելի է, թե ինչ խնդիր են փորձել լուծել նախագահականի քարոզիչները, ինչ է սա` Ս. Սարգսյանին մատուցված արջի ծառայություն, թե ժողովրդի վրա թքած ունենալու անթաքույց դրսեւորում: Ներկայացվում է, թե ինչպես մայիսի 28-ին Ս. Սարգսյանը մասնակցեց Սարդարապատի հանդիսությանը եւ ընդամենը կես վայրկյանով նշում. Ս. Սարգսյանը մոտեցավ իրեն սպասող Արմավիրի մարզի գյուղացիներին: Այն նույն գյուղացիներին, որոնք աղետաբեր կարկուտի արդյունքում կորցրել են իրենց ապրուստը, ու որոնց մի կերպ վարչապետով ու ոստիկանապետով կարողացան համոզել ու ստիպել, որ Սարդարապատի ճանապարհը չփակեն Ս. Սարգսյանի առջեւ: Նույնպիսի կես վայրկյանանոց անդրադարձով նա նշում է Սարգսյանի հանդիպումը Հարավկովկասյան երկաթուղու  ղեկավարության հետ: Մնացած քննարկումներին ու հանդիպումներին անդրադարձերը  եւս նույնպիսի «խորությամբ» են: Փոխարենը խոսնակը չի մոռանում նորահայտ կոմպոզիտորի` Ռիտա Սարգսյանի հեղինակած ձոներգի արժանի հիշատակումը` շատ ավելի երկար, քան  վերը նշված «անկարեւոր» հարցերում:  Ոչինչ, որ խոսնակը երբեմն ասում է «նախագան»` նախագահի փոխարեն, էականն այն է, որ այս տեսանյութը կարծես թե  ահազանգ է առ այն, որ Սարգսյանի մոտ սկսվում են ալիեւական եւ թուրքմենբաշիական տենդենցներ:




Լրահոս