Կրկին հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերով. Սերժ Սարգսյանը հայտնվել է բարդ իրավիճակում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն իրեն «խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպված է, ու մի օր պետք է ասի` էդ ով էր կազմակերպել»:

Իհարկե, հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները անցած 16 տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդես են եկել «կազմակերպիչների» մասին էմոցիոնալ հայտարարություններով, սակայն մինչ օրս, կարծես թե, չէր եղել նման հստակ ձեւակերպում առ այն, որ ներկայումս երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը տեղեկացված է եղել եւ բարձրաձայնել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպված է:
Եվ չնայած սրան` Արամ Սարգսյանի այս հայտարարությունն էլ կարող էր անցնել-գնալ, եթե չլիներ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Սերժ Սարգսյանին վերը նշված հայտարարության կապակցությամբ հարցաքննության կանչելու պահանջով: Եվ հիմա, ուզեն, թե չուզեն, ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու ընթացք տալ այս խնդրին, որի շրջանակներում, ի դեպ, ամեն անգամ Սերժ Սարգսյանի անունը զուգադրվելու է հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին իմանալ-չհայտնելու` «օդում կախված» մեղադրանքի հետ:

Թե ինչու է Արամ Սարգսյանը (ով, ի դեպ, ոճրագործությունից անմիջապես հետո ուղիղ կես տարի զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը եւ տիրապետում էր բոլոր լծակներին` կազմակերպիչներին բացահայտելու համար) հենց հիմա նման հայտարարություն անում, կա՞ այդտեղ որեւէ հաշվարկ, թե դա եղբոր կորստի ցավի հետ չհամակերպվող մարդու էմոցիոնալ պոռթկում է, դժվար է ասել: Պարզ է, սակայն, մի բան, որ Սաքունցի այս դիմումով, թեկուզ ֆորմալ առումով, գլխավոր դատախազությունը ստիպված է լինելու հետամուտ լինել հնչած հայտարարության հիմքերին, ինչի արդյունքում պատասխանատվության դաշտում են հայտնվելու թե՛ այդ տարիներին ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, թե՛ հայտարարության հեղինակը` նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Հակառակ դեպքում գլխավոր դատախազն ինքն է հայտնվելու հնարավոր «կազմակերպիչներին» կոծկողի դերում:

Թե ինչպիսի հանգուցալուծում կունենա այս պատմությունը, եւ թե, ի վերջո, ում եւ ինչ չափի ականջներ կերեւան այս ամենի հետեւում, ժամանակը ցույց կտա, կամ էլ հերթական անգամ կկոծկի: Ամեն դեպքում, իրավապաշտպանի այս դիմումը շատ կարեւոր է, որպեսզի իրենց հնչեցրած հայտարարությունների հարցում շատ ավելի զգույշ եւ պատասխանատու լինեն բոլորը: Հանկարծ ու մի իրավապաշտպան հաշվի չառնի, որ մեր իրավապահ համակարգը ծայրեծայր կոռումպացված եւ կամակատար համակարգ է. վերցնի ու նման անհարմար դիմումներով ընթացք տա գործին` բավականին ծանր վիճակում դնելով բոլոր կողմերին:




Լրահոս