ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում էր այսօր կայանալիք Հայաստան-Իսլանդիա, իսկ ազգային հավաքականը` վաղը կայանալիք Հայաստան-Մալթա հանդիպմանը, երկրի առաջնությանը մասնակցող ակումբներում տեղի ունեցան որոշակի տհաճ զարգացումներ:
Մասնավորապես Դիլիջանի «Իմպուլս»-ը չի պատրաստվում մասնակցել Հայաստանի 2013-2014թթ. առաջնությանը: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, «Իմպուլս»-ի ղեկավարության խիստ դժգոհ լինելն է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից, որի վերջնամասում պահանջում էին վերախաղարկել «Գանձասար»-ի հետ Իջեւանում կայացած խաղը: Դիլիջանցիները կարծում էին, որ եղել է կողմնակալ մրցավարություն, որն ազդել է հանդիպման ելքի վրա: Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ պայքարում էին եվրագավաթներին մասնակցելու համար: «Իմպուլս»-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդի Տիգրան Հակոբյանը հայտնել է, որ թիմի ֆուտբոլիստներն ազատ խաղացողի կարգավիճակ կստանան. «Հոժարակամ կզիջենք ուրիշ թիմերի, միայն թե ֆուտբոլիստների համար լավ լինի: Կան նաեւ խաղացողներ, որոնց կփորձենք օգնել տեղավորվել արտասահմանյան թիմերում»: Նա նշել է նաեւ, որ ակումբը չի լուծարվում. «Մենք չենք հեռանում հայկական ֆուտբոլից: Մնալու եւ ամեն ինչ անելու ենք հայկական ֆուտբոլին օգնելու համար: Պարզապես փոխելու ենք մեր մարտավարությունը. նպատակահարմար ենք գտել ֆինանսներն ուղղել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, լավ ենթակառուցվածքներ ստեղծել ֆուտբոլի ակադեմիա եւ մարզադպրոց ունենալու համար, որպեսզի ակումբի հիմքերն ամուր լինեն»:
Ամեն դեպքում, եթե «Իմպուլս»-ը լուծարվի, բարձրագույն խմբում կմնա մարզային ընդամենը  2 թիմ` «Շիրակ»-ը եւ «Գանձասար»-ը, ինչը ֆուտբոլի մասսայականացման եւ զարգացման համար վատ ցուցանիշ է: Այս քայլը կարող է վանել նաեւ հայկական ֆուտբոլում հնարավոր ներդրողներին, իսկ ներդրումները Հայաստանին շատ անհրաժեշտ են:
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ հրաժարական է տվել Երեւանի «Բանանց»-ի նախագահ, ակումբի հիմնադիր Սարգիս Իսրայելյանը: Նա օրերս հաստատել է իր հրաժարականը եւ հեռացել ակումբից: «Բանանց»-ի նոր նախագահի անունը հայտնի կդառնա հունիսի 7-ին կայանալիք Հայաստան-Մալթա խաղից հետո, որը դիտելու նպատակով Երեւան է ժամանելու «Բանանց»-ի հովանավորը` Օլեգ Մկրտչյանը, որը Դոնեցկի «Մետալուրգ»-ի եւ Կրասնոդարի «Կուբան»-ի սեփականատերն է: Սպասվում է, որ Օ. Մկրտչյանը նախագահի պաշտոնը վստահելու է իր մերձավորներից մեկին:
Պարզվում է, որ գործարար, Երեւանի «Միկա»-ի սեփականատեր Միքայել Բաղդասարովը խնդիրներ ունի նաեւ հարազատ ակումբում. «Միկա»-ն հովանավորներ է փնտրում: Ստացվում է, որ ակումբի սեփականատերը, ում կարելի է նաեւ հովանավոր համարել, հովանավոր է փնտրում: Իսկ դա խոսում է հայկական ֆուտբոլում հերթական ճգնաժամի մասին:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս