ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅՍԻՆՔՆ` ԳՐԵԹԵ ՈՉԻՆՉ
Արմավիրի մարզում 2013թ. մայիսի 12-ին կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին կառավարության որոշմամբ հրատապ միանվագ օգնություն է ցուցաբերվելու 50-հազարական դրամի չափով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններում մշակվող բուսատեսակներին կարկտի հետեւանքով պատճառված վնասի չափը գյուղացիներին թույլ չի տալիս վճարել իրենց հողի հարկը եւ օգտագործված ոռոգման ջրի վարձավճարը, կառավարությունն այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին է հատկացրել 207 մլն դրամ։

ԴԵՌ ԾԱՆՐ Է
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ՊՆ զինվորական հոսպիտալ տեղափոխված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այսօր նա բժիշկների օգնությամբ փորձել է քայլել, իսկ լրացուցիչ վիրահատության կարիք կլինի, թե ոչ` դեռեւս պարզ չէ:

ԿԱԲԱԼԻԵՆ ԷԼ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԴԱՐՁԱՎ
Ադրբեջանի իշխանություններն աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին հայտարարել են անցանկալի անձ (persona non grata), ինչի պատճառը վերջինիս կողմից ԼՂՀ կատարած այցն է: Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությունից պարզ է դառնում, որ երգչուհին ի սկզբանե տեղյակ է եղել նման հեռանկարի մասին. «Դեսպանատան աշխատակիցները դեռ մայիսին էին կապվել երգչուհու մենեջերների հետ եւ իրազեկել երգչուհու կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավոր հետեւանքների մասին»:

ԲՀԿ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երեկ ուշագրավ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել. կառավարության նիստում որոշում է կայացվել Վահե Էլոյանին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Բացի այդ, երեկ հրաժարական է ներկայացրել սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Նշենք, որ Սամվել Խաչատրյանը ԲՀԿ անդամ է, իսկ Վահե Էլոյանը եղել է ԲՀԿ անդամ, ու թեեւ որոշ ժամանակ առաջ սառեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ-ին, սակայն շարունակել է սերտ կապեր պահպանել Ծառուկյանի հետ: Ու հիմա տեսակետ կա, որ այս պաշտոնանկությունը սպորտի նախարար Յուրիկ Վարդանյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասությունների հերթական դրսեւորումն է: Նորանշանակ նախարարը փորձում է իր շրջապատը մաքրել ԲՀԿ-ամերձ կադրերից: Մանավանդ որ Էլոյանի դեպքում անհասկանալի է պաշտոնանկության պատճառը. կառավարության երեկվա նիստում Յուրիկ Վարդանյանը հայտարարել է, թե Էլոյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, սակայն «Ժողովուրդ»-ի ԲՀԿ-ամերձ աղբյուրները պնդում են, որ Էլոյանը նման քայլի չի դիմել, մանավանդ որ, համարվելով քաղծառայող, պաշտպանված է օրենսդրությամբ: Մեկնաբանությունների համար դիմեցինք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին: Սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, նա նշեց, որ այդ պաշտոնանկությանն ինքը որեւէ գնահատական տալ չի կարող:




Լրահոս