Մեկ ամիս առաջ լրատվամիջոցներում հրապարակում եղավ այն մասին, որ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործի շրջանակներում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Հարցաքննության ընթացքում գործով քննիչ Ամրամ Մակինյանը նրան սպառնալիք է փոխանցել՝ «դադարեցրեք ձեր գործունեությունը՝ հակառակ պարագայում կկալանավորվեք»:
Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ խոսքը քաղաքական գործունեության մասին է:
ՔԿ-ն հայտարարությունն անարձագանք չթողեց: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ժ. Սէֆիլյանը հունվարի 12-ին՝ ժամը 17-ին, հրավիրվել է որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության: Նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ փաստաբանի հետ միասին և օգտվելով իր իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունք տալ, պատասխանել քննիչի հարցերին։
«Նրան պարզաբանվել են օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ իր նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պայմանների պահպանման պարտականությունը, կարգը։
«Ինչ վերաբերում է Ժ. Սէֆիլյանի կողմից ԶԼՄ-ներում հրապարակված այն հայտարարությանը, թե ՀՀ քննչական կոմիտեում իրեն սպառնացել են կալանքի վերցնել՝ քաղաքական գործունեությունը չդադարեցնելու դեպքում, ապա դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում. նախաքննական մարմինը ապաքաղաքական պետական հիմնարկ է և քաղաքական նպատակներով հնչեցվող հայտարարությունները չի մեկնաբանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ArmLur.am-ը փորձեց պարզել՝ ի վերջո, ինչպես ավարտվեց հիշյալ անհարթությունը: Մեր հարցին ի պատասխան՝ Վարուժան Ավետիսյանը վստահեցրեց, որ Սէֆիլյանի պաշտպանը զբաղվում է այդ գործով, այն իրավական հարթություն է ստացել, իրականացվում է համապատասխան գործընթաց. «Այդպիսի քննչական գործողություն կատարելու, հարցաքննելու անհրաժեշտություն չի եղել. նախորդ հարցաքննությունից երկու հարց են կրկնել: Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց. իրենք իրենց պիտի պատժե՞ն, հա՞: Մենք կատարվածը չենք մոռանա, ժողովուրդն էլ չի մոռանա: Իրենք կցանկանան, որ մոռացվի»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Սէֆիլյանը և Հիմնադիր խորհրդարանի մի քանի այլ անդամներ մեղադրվում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով։