Երեվանում քննարկվեց դեղագործության մրցունակության խնդիրներն ու ձեռքբերումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 14-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի, ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակությամբ։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումները, քննարկել ընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր, ինչպես նաև նպաստել նոր համագործակցությունների և կապերի ստեղծմանը:
Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։ Համաժողովի ընթացքում մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ովքեր կարևորեցին դեղագործության ոլորտի դերը տնտեսության զարգացման գործում և հավաստեցին իրենց պատրաստակամությունն աջակցելու ոլորտի ներկայացուցիչներին։ Գալիք տարիներին, իր “Ի-Դի-Էմ-Սի” ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի տեղական դեղագործական ընկերություններին արտադրությունը պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) պահանջներին համապատասխանեցման, միջազգային ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, որակյալ մասնագետների պատրաստման և արտահանման խթանման գործում։
“Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում” խորագրով նիստում ներկայացվեցին Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի երկրորդ մասում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին միջազգային լավագույն փորձն ու դեղարտադրության այն չափանիշները, որոնցով առաջնորդվում են աշխարհի առաջատար դեղարտադրողները։ Ելույթ ունեցողների թվում էին վրացական GMP ընկերության տնօրեն Գեորգի Անտաձեն, Ճապոնական Մինոֆագեն գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն Հիդեո Ինուեն, ինչպես նաև Աստելլաս, Էգիս, Գեդեոն Ռիխտեր և Պֆայզեր ընկերությունների ներկայացուցիչները։
Համաժողովին զուգահեռ անցկացվեց նաև “Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ” ամենամյա դեղագործական ցուցահանդեսը, որին ներկայացան 20 կազմակերպություններ։




Լրահոս