ԱՄՆԵԶԻԱ` ՀԱՆՈՒՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե գազի սակագնի փոփոխության մասին պայմանագիրը երբ է ստորագրվել, եւ ինչպես կարելի է ծանոթանալ այդ կարեւորագույն պայմանագրին: Թվում է, թե միանգամայն նորմալ հարցեր են, որոնց պատասխանելու համար կառավարությունը որեւէ  դժվարություն չպետք է ունենար. ընդամենը պետք է նշվեր պայմանագրի ստորագրման ամսաթիվը եւ  ներկայացվեր  դրա կրկնօրինակը: Բայց դա` նորմալ երկրի նորմալ խորհրդարանի եւ նորմալ կառավարության դեպքում: Իսկ մեզ մոտ հարցին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցած ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների  հարատեւ նախարար Արմեն Մովսիսյանը մի իսկական «կլոունադա» սարքեց. նախ նա ասաց, թե չի կարող կոնկրետ օր նշել, քանի որ… չի հիշում: Արամ Մանուկյանը խնդրեց նշել գոնե   պայմանագրի ստորագրման մոտավոր ամիսը, սակայն` դարձյալ անօգուտ. պարզվեց՝ նախարարի մոտ հիշողության խորը կորուստ է, ուստի պատասխանը նույնն էր. «Չեմ հիշում»: «Լավ, գոնե տարին, ա՞յս տարի էր, թե՞ նախորդ»,-չնահանջեց ընդդիմադիր պատգամավորը, սակայն Մովսիսյանի  պատասխանից պարզ դարձավ, որ նախարարը տառապում է հիշողության ամբողջական եւ բացարձակ կորստով, քանի որ  նրա պատասխանը դարձյալ  նույնն էր. «Չեմ հիշում, կճշտեմ, կասեմ, հիմա ասեմ` կասեք մի ամիս շուտա ասել, մի ամիս ուշ»,-գլուխն ազատեց   Մովսիսյանը, որը նման ցինիկ պահվածքի երկարատեւ փորձ ունի: Ընդ որում, ուղիղ տասներկու տարի Հայաստանի էներգետիկ համակարգը   տնօրինած այս անձնավորությանն ամենեւին էլ չի հուզում, թե նման անմեղսունակ պահվածքն ինչպես կանդրադառնա իր հանրային ընկալման, վարկանիշի վրա: Կարեւորն այն է, որ դրանով նա ամեն կերպ փորձեց  իր վերադասին` Սերժ Սարգսյանին ազատել հրապարակավ սուտ խոսելու  մեղադրանքներից, քանի որ վերջինս, հիշեցնենք, ընդամենը երեք ամիս առաջ` մարտի 18-ին, հայտարարել էր, թե գազի գնի թանկացման մասին խոսակցությունները հերյուրանք են: Ու եթե Մովսիսյանը երեկ նման ցինիկ կերպով «չկորցներ» հիշողությունը, ապա ստիպված էր լինելու հաստատել, որ ոչ միայն Սերժ Սարգսյանն է հերյուրանքներ տարածել` գազի գնի թանկացման փաստը հերքելով, այլեւ ամբողջ իշխանական համակարգը` իր պայծառ գլխավորությամբ, որը  պարտիզանաբար հերքում էր գազի գնի թանկացման իրողությունն այն դեպքում, երբ դա տեղի էր ունեցել ուղիղ մեկ տարի առաջ` ապրիլ ամսին: Այնպես որ, իզուր տեղը չէ, որ նախագահներն ու վարչապետերը գալիս ու գնում են, իսկ Արմեն Մովսիսյանը մնում է: Մարդը գիտի պրոֆեսիոնալ կերպով հիշողությունը կորցնել, ստել, լղոզել, ապակողմնորոշել` եւ այդ ամենը հանուն իր վերադասների շահերի պաշտպանության: Նրա այդ որակներն իրենց դրսեւորումն են ունեցել դեռեւս  «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի եւ  Իրան-Հայաստան գազատարի դեպքում: Այնպես որ, գազի սակագնի թանկացումն ի՞նչ է, որ նա դրա տակից դուրս չգար:




Լրահոս