ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՊ ՉՈՒՆԵ՞Ն
Հունիսի 1-ին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում կատարված արյունալի սպանությունից առաջ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը վիճաբանող կողմերի հետ Սդըղնի լճի մոտ տեղի ունեցած խնջույքի մասնակից է եղել: Սակայն մինչ օրս պարզ չէ՝ նա այդ գործով հարցաքննվել է, թե ոչ: Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը փոքր-ինչ զայրացավ. «Շատ վատ երեւույթ է, երբ անընդմեջ շահարկվում է Բ. Սահակյանի անունը՝ այդ թեմայի հետ կապված: Ասել ենք, որ հանդիպումների ժամանակ Ավոն է մեզ ուղեկցել, մենք որ եղել ենք, ոչ մի կռիվ, ոչ մի խնդիր չի եղել, մենք ի՞նչ կապ ունենք կրակոցի հետ: Մենք ժամը երկուսանցկես ճանապարհվել ենք Գորիսից, իսկ վիճաբանությունը եղել է 11-12-ին՝ երեկոյան, ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ: Մենք գնացել ենք աշխատանքային այցով, այցելել ենք Քաջարանի գործարանը, եղել ենք Կապանի մի շարք գործարաններում ու գնացել ենք: Ոչ մի քեֆ չի եղել, ի՞նչ քեֆ»:

ԷԼԻ ԾԵԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2012թ. սեպտեմբերի 5-ին Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցում դարձյալ ծեծկռտուք է եղել: Այս անգամ դպրոցի ուսուցիչ Մհեր Մնացականյանն է ծեծի ենթարկել նույն դպրոցի ուսմասվար Լիլիթ Մարտիրոսյանին: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է աշխատանքային կոնֆլիկտը, որից հետո Մհեր Մնացականյանն այլեւս չի աշխատում թիվ 55 դպրոցում: ՀՀ ոստիկանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ 2013թ. փետրվարի 27-ին հարուցված Քրեական գործը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հանցակազմի բացակայության հիմքով):
Իսկ թե ինչ է եղել իրականում այդ օրը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հեռացած ուսուցիչ Մհեր Մնացականյանից: «Այո նման բան եղել է, սակայն հիմա ես երկրում չեմ:  Խոստանում եմ, վերադառնամ, սկանդալային բացահայտումներ կանեմ»,-ասաց դպրոցի նախկին ուսուցիչը:  
Հիշեցնենք, որ նույն դպրոցում ապրիլի 23-ին տնօրենը ծեծի էր ենթարկել աշակերտուհիներից մեկի ուկրաինուհի ծնողին:

ԲԱ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է
ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է պատգամավորների կողմից իրենց օգնականների հաստիքն ազգականներով համալրելու օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի դիմումի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցերը հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ ԹԻ հ/կ-ն-ն, հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ի համարում հրապարակված՝ «ԱԺ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հրապարակումը, դիմել էր էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել պատգամավորի օգնականի ինստիտուտն ազգականներով համալրելու՝ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունը:




Լրահոս