Վերջերս մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանը (Բրիլիանտի Արշակ), գործընկերակցելով ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) հետ, ընդլայնել է իր բիզնես հետաքրքրությունների աշխարհագրությունն ու Լեռնային Ղարաբաղում 300 հա հողատարածք գնել: Կարծես վատ բան չկա, որ պատգամավորները, որոնք շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ ու մեծ բիզնեսմենի համարում ունեցող Արա Հարությունյանի հետ, կամենում են ներդրումներ կատարել ԼՂՀ-ում, խաղողի այգիներ հիմնել, գինու-կոնյակի գործարան կառուցել: Իսկապես վատ բան չկա, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երկուսն էլ պատգամավոր են, օրենսդիր մարմնի անդամ, մինչդեռ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին գործարարությամբ զբաղվել:
Բրիլիանտի Արշակը հայտնի է ոչ միայն իր գործարարությամբ, այլեւ կուսակցություններ փոխելու «գեշ խասիաթով»: 2003թ. նրա համար աշխարհի ամենամեծ քաղաքական գործիչն Արթուր Բաղդասարյանն էր, որի պատվին բաժակաճառեր էր ասում: Բաղդասարյանն էլ, չափազանց շոյված նման վերաբերմունքից, նրան կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր դարձրեց: Իհարկե, կուսակցությունում ասում էին, որ ավելի լավ էր Արշակի փոխարեն պատգամավոր դառնար ցանկացած ոք, քանի որ այս պատգամավորը ոչինչ չէր անում, անգամ հայտարարությունների ժամերին ելույթներ չէր ունենում: Ա. Բաղդասարյանի հետ էլ շփվում էր «խիստ կոնֆիդենցիալ» սկզբունքով՝ չուզենալով հավասարվել կուսակցության «շարքային» պատգամավորներին: 2006-ին էլ մի ժամում «հավատափոխ» եղավ ու հեռացավ ՕԵԿ-ից:
Շատերն էին հասկանում, որ այս մարդու մեջ միայն բիզնեսմենն է նստած, այն էլ՝ բավական ցայտուն արտահայտված գավառական որակներով: Ստանալով մանկավարժ-պատմաբանի կրթություն՝ Արշակ Մխիթարյանը 1981թ.-ից իր բախտը կապել էր Նոր Գեղիի հետ՝ այստեղ աշխատելով որպես տեխնիկումի ուսուցիչ, իսկ 1988-ից էլ դարձել կոոպերատոր՝ լինելով «Ունիվերսալ-3» կոոպերատիվի փոխտնօրեն: 1993-ին, երբ մարդիկ կռվում էին պատերազմում կամ պայքարում ցրտի ու մթի դեմ, Ա. Մխիթարյանը սեփական կոոպերատիվն է հիմնել՝ «Աղավնի» ՍՊԸ-ն, ու մինչեւ 2003թ. պաշտոնապես եղել նրա տնօրենն ու սեփականատերը:
Ա. Բաղդասարյանից հեռանալով՝ Ա. Մխիթարյանը չկամեցավ հեռանալ խորհրդարանից, ուստի բանակցություններ վարելով Գագիկ Ծառուկյանի հետ՝ 2007-ին համամասնական կարգով եկավ խորհրդարան` արդեն որպես ԲՀԿ-ական: Բրիլիանտի Արշակը մեծահարուստ է, թեեւ այնքան էլ «պերճախոս» չէ նրա ունեցվածքի հայտարարագիրը: «Անշարժ գույք» բաժնում նա հայտարարագրել է երկու բնակարան Երեւանում՝ 209,4 քմ մակերեսով: Մեկ հողամասի «տեղ էլ ասել է» Դիլիջանում՝ չնշելով տարածքի չափը… Իբրեւ շարժական գույք՝ հայտարարագրել է երկու մեքենա՝ «Մերսեդես Բենց Տ-221» եւ «ԶԱԶ»… 2011թ. նրա եկամուտը կազմել է ընդամենը 22 մլն 278 հազար 580 դրամ, այսինքն՝ մի փոքր մասն աշխատավարձն է խորհրդարանից, իսկ մնացածը՝ վարձավճար է «Ալֆա-ֆարմ» ընկերությունից: Այսքան համեստ եկամուտներ ստացող մարդն իր հաշվին ունի 4 մլն 300 հազար ԱՄՆ դոլար… Երեւի նվիրատվություն է ստացել…
Ի տարբերություն շատ պատգամավորների, օրինակ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, որի կինը, տանը նստելով, 143 մլն դրամի եւ 15 հազար դոլարի տեր է դարձել, Բրիլիանտի Արշակի կինը` Նարինե Դավթյանը, ոչինչ չունի: Երեւի պատգամավորը չի կամեցել «երես տալ» կնոջն ու ինչ-որ գումար էլ նրա անունով գրանցել: Հիմա ինչպե՞ս տիկին Նարինեն չնախանձի ԲՀԿ-ական Արա Արամյանի կնոջը, որը կես միլիոն դոլարից ավելի գումար ունի՝ գումարած կես միլիոնից ավելի եվրոն…
Շատերն են ասում, որ Բրիլիանտի Արշակը բավական գծուծ է, չի սիրում ծախսեր անել: Այդ է պատճառը, որ իր որդուն էլ՝ որպես օգնական, տեղավորել է Բելաջիոյի Գրիշի մոտ: Երիտասարդին չի խանգարի ԱԺ-ից ամսական 90 հազար դրամ աշխատավարձը…
Ա. Մխիթարյանի ունեցվածքը հիմնականում ձեւավորվել է ադամանդագործությունից: Ավելի ճիշտ՝ ադամանդների վաճառքից: Նա մի քանի խանութի տեր է դարձել, իսկ հետո էլ մտերմացել Արա Աբրահամյանի եղբոր՝ Բրիլիանտ Գագոյի հետ ու առավել ընդլայնել իր բիզնեսը: 2012-ին, երբ երկրում բավական լարված քաղաքական իրավիճակ էր, Բրիլիանտի Արշակն անսպասելիորեն հայտնվեց Դուբայում: Մեկնելուց առաջ էլ Նոր Հաճնում վաճառքի էր հանել իր մի քանի մանր-մունր խանութները, որոնցից որեւէ շահույթ չէր ստանում: Ասում են՝ Դուբայում ունենալով լավ ընկերություն եւ մտերմական շրջապատ՝ Մխիթարյան Արշակը որոշել է իր բիզնեսը ծավալել: Ասել է թե՝ դա իր տեղն է, որովհետեւ Նոր Հաճնում, բացի «ավտարիտետներից», նա ուրիշների հետ չի շփվում, իսկ խորհրդարանական գործունեությունը նրան չի հետաքրքրում…
ԲՐԻԼԻԱՆՏԻ ԱՐՇԱԿԸ ՆՈՐ «ՀԱՍՑԵՆԵՐ» Է ՈՐՈՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ