«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը սպառնում է` բողոքելու դեպքում շուկան կփակի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Մալաթիա» տոնավաճառում իրավիճակը շատ լարված էր: Տոնավաճառի գրեթե բոլոր աշխատակիցները՝ մոտ 4000 հոգի, հավաքվել էին կենտրոնական մուտքի մոտ ու պահանջում էին իջեցնել տաղավարների սակագները: Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնեց, որ իրականում աշխատողներին ուղղորդում են բողոքել:

ceckrtuq-600x338

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներն էին բողոքում տաղավարների բարձր վարձավճարներից, սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չզիջեց նրանց եւ չնվազեցրեց վարձավճարները: Իսկ այս դեպքում «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը, ով նաեւ բաժնեմաս ունի տոնավաճառում, պատրաստ է զիջել առեւտրականներին: Խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, քանի՞ սեփականատեր ունի տոնավաճառը:

-Երեք՝ Վարազդատ Զատիկյանն է, Ռադիկ Սարգսյանի կինը եւ ես:

-Դուք այսօր (երեկ, Ս. Հ.) առեւտրականների հետ զրույցում հայտարարել եք, որ իրենց ինչ-որ մեկը սադրում է: Անուններ կհնչեցնե՞ք:

-Եթե մարդկանց չեմ ճանաչում, ինչպես կարող եմ անուններ տալ:

-Այսինքն` ենթադրո՞ւմ եք, որ սադրում են, թե՞ վստահ եք…

-Այնտեղ դեմքեր կան, որոնք ընդհանրապես տոնավաճառի հետ կապ չունեին: Տեսագրությունները, որոնք նայում եմ, համոզվում եմ, որ նրանք եկել էին զուտ ուղղություն ցույց տալու համար: Տոնավաճառի հետ կապ չունեցող մարդը կանգնել էր եւ առեւտրականներին ասում էր՝ դուք հո՞ հավ չեք, խի՞ եք կանգնել, բոլորի հետ միացեք:

malatia-600x338

Կարծում եք՝ սա Ձե՞ր դեմ էր կազմակերպված:

-Մինչեւ հաստատ չիմանամ, իրավունք չունեմ ասելու: Բայց երբ տոնավաճառի հետ կապ չունեցող մարդը առեւտրականներին դրդում է ոտքի կանգնել, ճանապարհ փակել, սա նշանակում է, որ ինչ-որ մեկին ձեռնտու է:

-Դուք նրանց ճանաչո՞ւմ եք:

-Բնակության հասցեն կարող եմ ասել եւ նշել, թե իրենք իրենցից ինչ են ներկայացնում:

-Բողոքները կարող են շարունակական լինել: Զիջելո՞ւ եք, թե՞ ոչ:

-Ես դեռեւս հունվար ամսին տոնավաճառի աշխատակիցների 60 տոկոսի տաղավարների վարձերը իջեցրել եմ 20 հազար դրամով: Մնաց 40 տոկոսինը: Այսօր (երեկ, Ս. Հ.) ես հայտարարեցի, որ կիջեցնեմ նաեւ մյուս՝ 40 տոկոսի տաղավարների վարձավճարները, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում:

-Ի վերջո, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց առեւտրականների հետ:

-Ես առաջարկել եմ 20 հազար դրամի չափով զեղչել նաեւ մյուս՝ 40 տոկոսի տաղավարների վարձավճարները: Ովքեր կցանկանան, թող մնան: Եթե իրենք ցանկանում են կրկին իջեցվի, ապա ես հրաժարվում եմ հաշվապահության հետ կապված աշխատանքներն անելուց: Առանց այն էլ վնասով ենք աշխատում:

cec3-600x338

-Այսօր՝ (երեկ, Ս. Հ.) ուշ երեկոյան, տեղեկություններ տարածվեցին, որ առեւտրականները կրկին բողոքի ակցիա են անցկացնելու: Նույնիսկ կարծիքներ հնչեցին, որ գնալու են Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառ: Ի՞նչ եք մտադիր անել:

-Ես վերջնական իմ խոսքն ասել եմ. եթե վաղն էլ են դուրս գալու բողոքի, մարտի 1-ից կհայտարարեմ, որ շուկան փակ է, եւ նրանք կմտնեն միայն ապրանքը դուրս հանելու դեպքում: Ես իմ խոսքի տերը կլինեմ:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս