Այսուհետ Սերժ Սարգսյանն է որոշելու՝ ՀՅԴ-ն կշարունակի քաղաքականությամբ զբաղվել, թե քաղաքական մահկանացուն կկնքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաշնակցության ներկայիս ղեկավար կազմը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով՝ փաստացի իր քաղաքական գործունեության հետագա ճակատագիրն ամբողջությամբ վստահեց Սերժ Սարգսյանին, ու նա է այսուհետ որոշելու՝ հնամյա կուսակցությունը կշարունակի՞ քաղաքականությամբ զբաղվել, թե՞ քաղաքական մահկանացուն կկնքի:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին լուրերի տարածվելու առաջին իսկ պահից, երբ Դաշնակցության ղեկավար կազմը հաստատեց, որ նման բանակցություններ է վարում, Հայաստանի հանրության ընդդիմադիր մասը սկսեց անարգանքի սյունին գամել 125-ամյա կուսակցությանը: Իսկ արդյոք Դաշնակցությունն այսօր հնարավորություն ուներ ՀՀԿ-ի հետ իշխանական կոալիցիա չկազմել եւ մնալ քաղաքկան բեմահարթակում: Այս հարցի պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե տարբեր ընտրություններում Դաշնակցության օգտին գրված քվեների չափն ինչ էվոլուցիա է ունեցել վերջին 17 տարիներին:

Այսպես, խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության պատմությունն այսպիսինն է. 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ստացել էր 84 հազար 232 քվե: 99-ի ԱԺ ընտրությունները, կարելի է ասել, այն եզակի խորհրդարանական ընտրություն էր, որի արդյունքները հնարավորինս համապատասխանում էին ընտրողների իրական տրամադրություններին: Բավական է նշել, որ այդ ընտրություններում մասնակցության թիվը եղել է 1 մլն 137 հազար (դրանից հետո ընտրությունների մասնակցությունը մշտապես արհեստական բարձրացվել է, հավելագրված քվեներն էլ գրվել են իշխանությունների օգտին): 99-ին կազմավորված խորհրդարանում Դաշնակցությունն ունեցել է 10 պատգամավոր, որոնցից 5-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրված եղել:

2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ ընտրություններում այդ ժամանակ փաստացի իշխանության մաս կազմող Դաշնակցության քվեների թիվը կազմել է 136 հազար 270: Այս ընտրությունների արդյունքում կազմավորված խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 11 պատգամավոր, որոնք բոլորն էլ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակով էին մանդատ ստացել:

2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության օգտին գրված քվեների թիվը կազմել է 177 հազար 907: Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում Դաշնակցությունն ուներ 16 պատգամավոր, կրկին բոլորը համամասնական ընտրակարգով:

2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում Դաշնակցության քվեներն արդեն կազմեցին 85 հազար 544: Այս ընտրություններից հետո Դաշնակցությունը մի կերպ կարողացավ խորհրդարան անցնել, եւ բոլորի համար ակնհայտ էր, որ այդ խնդիրը լուծվել էր իշխանությունների բարի կամքի շնորհիվ: Գործող խորհրդարանը հենց վերը նշված ընտրությունների հիման վրա է կազմավորվել, որտեղ ՀՅԴ-ն ունի 5 պատգամավոր:

Նախագահական ընտրություններին Դաշնակցությունը մասնակցել է միայն 2008 թվականի փետրվարի 19-ին: ՀՅԴ-ի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի քվեների թիվը, ըստ պաշտոնական արդյունքների, կազմել էր 100 հազար 966: Հետագայում Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հետ իշխանական կոալիցիա կազմեց եւ փաստացի նրա ու ՀՀԿ-ի հետ ստանձնեց նաեւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը: Թերեւս հենց այդ հանգամանքն էր պատճառ, որ մեկ տարի անց՝ 2009-ին, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն նվազագույն 6 տոկոս շեմը չկարողացավ հաղթահարել: 2008-ին նախագահական ընտրություններում Երեւանում Վահան Հովհաննիսյանի օգտին գրանցված քվեների թիվը կազմել էր 38 հազար 370: Եթե այս քվեների 70 տոկոսն էլ ՀՅԴ-ն 2009-ին ստանար, ապա Երեւանի ավագանու կազմում կունենար խմբակցություն:

Սակայն փաստն այն է, որ այդ ընտրություններում շուրջ 400 հազար քվեարկության մասնակցության պայմաններում Դաշնակցությունը չէր կարողացել անհրաժեշտ 24 հազար քվեն ստանալ: ՀՅԴ-ի քվեները կազմել էին ընդամենը 18 հազար 94: Այս ցուցանիշը նույնիսկ ՕԵԿ-ի քվեների թվից էլ փոքր էր: Իսկ վերջին անգամ ՀՅԴ-ն մասնակցել է 2013 թվականի մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին: Այս ընտրություններում Դաշնակցությունը, կարելի է ասել, կատարյալ ձախողվեց` ստանալով 15 997 քվե, անհրաժեշտ նվազագույն 6 տոկոսի փոխարեն՝ 3,8 տոկոս:
Նման պայմաններում ՀՅԴ ներկա ղեկավար կազմը չէր կարող չգիտակցել, թե 2017 թվականին իրեն ինչ ծանր փորձություն է սպասվում:

Սահմանադրական հանրաքվեի ժամանակ իշխանություններին սատարելուց հետո ՀՅԴ-ն այլեւս գալիք ընտրությունների հետ կապված չէր կարող հույսեր փայփայել: Ավելին՝ Դաշնակցության վիճակն այն աստիճան ծանր է, որ նույնիսկ իշխանական լծակներ ունենալով եթե այս քաղաքական ուժը համարձակվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցել, ապա հաստատ չի կարողանա նվազագույն անցողիկ շեմը հաղթահարել:

Այսինքն՝ ապագա խորհրդարանում տեղ զբաղեցնելու եւ քաղաքական դաշտում մնալու տեսանկյունից ՀՅԴ-ի միակ հույսը ՀՀԿ-ի հետ դաշինքով գալիք ընտրություններին մասնակցելն է: Իսկ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը որոշի ՀՅԴ-ին միայնակ թողնել, ապա այս կուսակցությունը 2017-ին խորհրդարան մտնելու շանս չի ունենա, ինչը առնվազն կհանգեցնի փորձառու կուսակցության ներսում «իշխանափոխության»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս