Հունիսի 19-ին Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան եղած ցմահ դատապարտյալ 22-ամյա Մանվել Հազրոյանը, հարազատների պնդմամբ, ինքնասպանություն չի գործել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանվելի հորաքույրը վստահեցրեց, որ տղան ցանկացել է բացահայտում անել:
Նշենք, որ վերոնշյալ օրը Մ. Հազրոյանը պատժախցում ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել, իսկ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնել էին, որ Մանվելը պատժախուց էր տեղափոխվել 2013թ. հունիսի 11-ին, քանի որ աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 19-ին ԼՂՀ բանակի շարքային Մանվել Հազրոյանը կենցաղային հողի վրա ծագած միջադեպի արդյունքում կրակել էր իր ծառայակիցների վրա. Լեւոն Եսայանը (1991թ.), Ներսես Գալոյանը (1990թ.), Նարեկ Սահակյանը (1990թ.) եւ Նվեր Սարգսյանը (1991թ.) զոհվել էին: Սարգիս Մելքումյանը (1991թ.), Խաչիկ Ալեքսանյանը (1992թ.), Մասիս Գրիգորյանը (1991թ.) եւ ինքը` Մանվել Հազրոյանը (1991թ.), տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ էին ստացել:
2011թ. օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ Հազրոյանին ցմահ ազատազրկման էր դատապարտել:
Մ. Հազրոյանն ապրում էր Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Փորձեցինք կատարվածի շուրջ զրուցել Նալբանդյանի համայնքապետ Գրիգոր Մկրտչյանի հետ: «Ընտանիքի անդամները ոչ ոքից բողոք չունեն, այնպես որ, հանգի՛ստ թողեք նրանց: Թողե՛ք նրանք իրենց դարդուցավով մնան»,-ասաց գյուղապետը եւ անջատեց հեռախոսը:
Չնայած գյուղապետի կարծիքին՝ Մանվելի հորաքույրը` Սուսաննա Հազրոյանը, մեզ հետ զրույցում սկանդալային բացահայտումներ արեց. «Դուք եկե՛ք եւ տեսե՛ք, որ Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ սուր գործիքով է արված: Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել: Մենք հաստատ համոզված ենք, որ դա ինքնասպանություն չէր լինի: Ինչ-որ Մանվելի ձեռքից մի հատ հեռախոս են վերցրել եւ 10 օր դրա համար մենախցում պահել: Մանվելը որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, նրան տարել են մենախուց եւ ինչ ուզել արել են: Ձեռքի վրա ու մազերի մեջ խտացված արյան հետքեր կան: Այսօր տղայի թաղումն է, եւ մենք անձամբ նկարելու ենք, որ այս երկրում տեսնեն, որ գոնե այդ հրեշների արածը պարզ լինի, ու արդարությունը վերականգնվի»:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ