ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, որը խորհրդարան մտնելու մանդատ ստացավ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների քվեով, առանձնապես ակտիվությամբ աչքի չի ընկնում: «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ բլից զրույցում Գ. Նուշիկյանը համոզմունք հայտնեց, որ մարդը չի կարող անվերջ բաժանել: Կգա մի օր, նա էլ կդառնա ուզող:
-Պարո՛ն Նուշիկյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանում բեւեռացվածություն նկատվում: Մեզ մոտ հիմնականում կա՛մ հարուստ են, կա՛մ աղքատ: Միջին խավ գրեթե չկա:
-Իմ կարծիքով՝ բոլոր նոր զարգացող երկրներում էլ սկզբնական ժամանակահատվածում էդպես է լինում: Ճիշտ եք ասում, մեզ մոտ միջին խավը նոր է սկսում զարգանալ, բայց կարծում եմ, որ կարճ ժամանակահատված հետո մեզ մոտ միջին խավը կձեւավորվի, եւ բեւեռացումն այդքան ակնհայտ չի լինի:
-Պաշտոնական թվերով՝ նույնիսկ այդ բեւեռացվածությունն ակնհայտորեն նկատվում է:
-Չէ՛, միջին խավ կա, ուղղակի այն միջին խավը, որը մենք ունեցել ենք խորհրդային տարիներին, էդ մասշտաբներով հիմա չկա:
-Իսկ Ձեզ համար՝ որպես հարուստ մարդու, դժվա՞ր չէ ապրել Հայաստանի նման երկրում, ուր շուրջբոլորը չունեւորներ են:
-Ինչի՞ համար պետք է դժվար լինի: Եթե դժվար լիներ, ես չէի ապրի Հայաստանում: Հայաստանն իմ հայրենիքն է: Ինչո՞ւ պետք է ես դժվարությամբ ապրեմ:
-Ասում են՝ հարուստներն ավելի շատ են «լացում», քան աղքատները: Երբեւէ «լացելու» առիթ ունեցե՞լ եք:
-Ի՞նչ իմաստով եք ասում:
-Ինչպես կուզեք, հասկացե՛ք. օրինակ՝ Ձեզանից որեւէ բան խնդրեն, ու Դուք «լացեք»:
-Այո՛, շատ է լինում, որովհետեւ մի մարդը, ըստ էության, էդքան չի կարող բոլոր դիմողներին օգնել, այլապես շատ կարճ ժամանակամիջոցում ինքն էլ կդառնա…
-Միջին խա՞վ:
-Միջին խավ չասեմ, այլ ինքն էլ կդառնա ինչ-որ մեկից ինչ-որ բան ուզող:
-Իսկ որպես օրենսդիր, իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ Դուք Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակի համար:
-Բոլորն էլ իրենց մեղքի բաժինը միանշանակ ունեն: Ես էլ, բնականաբար, իմ մեղքի բաժինն ունեմ, եւ դա այն է, որ ես էլ չեմ կարողացել շատ ավելի լավ աշխատել, որպեսզի շատ ավելի շատ հարկեր կարողանամ տալ: Ես իմ մեղքի բաժինն ունեմ, որ այսօր մեր տարեց հայրենակիցներին կարողանում ենք միայն չնչին կենսաթոշակներ տալ: Դուք էլ՝ որպես լրագրող, Ձեր մեղքի բաժինն ունեք: Բայց եթե Դուք ենթատեքստով եք տալիս այդ հարցը, ես պատասխանում եմ առանց ենթատեքստի՝ ես իմ մեղքի բաժնից չեմ հրաժարվում:
«ԵՍ ԷԼ ԻՄ ԲԱԺԻՆ ՄԵՂՔՆ ՈՒՆԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ