«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարտի 1-ին ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35-ամյա Մխիթար Սարգսյանը ինքնասպան էր եղել: Նա, որ իր որդու թասիբը պահելու համար ծեծի էր ենթարկել անչափահաս երեխային ու հայտնվել բանտում, 20 օր չկարողացավ դիմանալ եւ վերջ տվեց իր կյանքին:
Եվ այսպես, 2015 թվականի սեպտեմբերին Մխիթար Սարգսյանի որդուն 13-ամյա Մարտին Բալյանը ձեռքով հարվածել է: Մխիթարն էլ որոշել է որդուն ծեծի ենթարկելու համար հաշվեհարդար տեսնել: 13-ամյա Մարտին Բալյանին ծեծի ենթարկելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակ, որտեղ նկատելով բակում խաղացող անչափահաս Մարտին Բալյանին՝ առանձնակի դաժանությամբ ձեռքով հարվածել է երեխայի դեմքին, այնուհետեւ ոտքով՝ նստատեղին, որից հետո՝ մարմնի ձախ հատվածին: Մարտինը ընկել է գետնին: Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Մխիթար Սարգսյանը ոտքով դիտավորությամբ հարվածել է գետնին ընկած Մարտինի դեմքին, ինչի հետեւանքով վերջինս ունեցել է կարճատեւ ուշագնացություն, եւ այդ վիճակում Մխիթարը բռնել է Մարտինի մազերից, բարձրացրել է եւ բռունցքով հարվածել նրա գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Այս արարքի համար Մխիթար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ դիտավորությամբ միջին ծանության վնաս հասցնելը: 2015 թվականի հոկտեմբերի 19-ի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Մխիթար Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման 1 ամիս 3 օր ժամկետով: Այսինքն՝ Մխիթար Սարգսյանին մնացել էր ընդամենը 30 օր, որ նա հայտնվեր ազատության մեջ, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նա որոշեց վերջ տալ կյանքին:
Ի դեպ, հիշեցնենք, որ ինքնասպան եղած Մխիթար Սարգսյանի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը, դեռեւս 2015 թվականին պատմել էր, որ դեպքից հետո ամուսինը կորցրել է աշխատանքը, որը մեծ դժվարությամբ էր գտել, ավելին` նրան հրաժարվում էին աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, թե հանցագործ է:
«Դու սայթերով ընգած ես, էդ ի՞նչ ա, հանցագո՞րծ ես: Ուր էթում ա, դուռը շփցնում են, աշխատանքի չեն ընդունում, ասում են` վեշերդ հավաքի, գնա»,- ասել են նրան:
Կինը դեռեւս ամիսներ առաջ հայտնել էր նաեւ, որ եթե ամուսնուն կալանավորեն, իրենց՝ սոցիալապես անապահով ընտանիքը կզրկվի կերակրող ձեռքից, ավելի «կկործանվեն»: Ըստ նրա` իրենք խնդրել են Մարտինի մորը եւ պապիկին հետ վերցնել իրենց բողոքը: Վերջիններն ասել են, թե չեն բողոքել, իրենք Մխիթար Սարգսյանին տվել են պետության ձեռքը, թող իրենց «դատ ու դատաստանը» տեսնեն. «էդ մարդիկ ամուսնուս համար մահապատիժ են ուզում, ասում ա` գնա, դատ ու դատաստանդ տես, գնա դատվի»:
Նա, իհարկե, դատվեց, եւ 20 օր էր մնացել, որ ազատ արձակվեր, բայց ինքնասպան եղավ բանտում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: