2012թ. սեպտեմբերի 13-ին Աբովյան քաղաքի «ՄԱ-Պլազա» ժամանցային կենտրոնի դիմաց դաժան ծեծի հետեւանքով մահացած, նշված համալիրի սեփականատեր Մկրտիչ Խաչատրյանի հարազատներն այդ գործի արդարացի պատիժ են պահանջում: Նրանց հատկապես զայրացրել է այն փաստը, որ ծեծի ենթարկողների հարազատները հայտարարել են, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է իրենց մեջքին կանգնած:
Հիշեցնենք, որ նշված օրը «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի դիմաց մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին: Համալիրի սեփականատեր Մկրտիչ Խաչատրյանն էլ փորձել էր հանդարտեցնել վեճը՝ հորդորելով չկռվել: Սակայն մի քանի երիտասարդներ մոտեցել էին նրան, քաշքշելով գցել գետնին ու ոտքերով հարվածել: Դաժան ծեծի ենթարկված Մ. Խաչատրյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ թեեւ վիրահատության էր ենթարկվել, սակայն մահացել էր:
Հանցագործությունը կատարելու համար սկզբում կալանավորվել էին ՊՆ շարքային զինծառայող Ալբերտ Քարհանյանը, սակայն «Պանորամա»-ի հրապարակումից հետո կալանավորվեցին եւս երկուսը` մարզիկ եղբայրներ Վահրամ եւ Վարդան Գրիգորյանները:
Կատարվածից անցել է ավելի քան 10 ամիս, եւ 2013թ. հունիսի 26-ին կալանավորված երեք երիտասարդների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, ու նրանք այսօր ազատության մեջ են: Միայն նրանցից զինծառայող Ալբերտ Քարհանյանն է հանձնվել զորամասի հրամանատարության հսկողությանը:
Գործարարի դուստրը` Քրիստինե Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, թե տեղի է ունեցել ոչ օբյեկտիվ քննություն: Ըստ նրա՝ քննության ընթացքում մեղադրյալ երիտասարդներն իրենց ցուցմունքներում գրել են, թե հարվածը եղել է թեթեւ, իրենք պարզապես հրել են, Խաչատրյանն ընկել է գետնին ու գլուխը հարվածել քարին. «Բայց մենք ունենք բոլոր համապատասխան թղթերը, թե ինչ վնասվածքներ է հայրս ստացել, ու դա չէր կարող լինել պարզապես ընկնելու հետեւանքով: Դրանք դաժան ծեծի հետեւանքներ են: Ես վստահ եմ, որ փորձաքննության արդյունքները փոխել են, ու չգիտեմ, թե ինչ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորության տակ են այդպիսի բան արել, բայց փաստ է, որ հանցագործ-մարդասպաններն ազատության մեջ են»:
Ք. Խաչատրյանն ասաց, որ իր հայրիկին ծեծի ենթարկող մարզիկներ Վարդան եւ Վահրամ Գրիգորյանների հարազատները հայտարարել են, թե «Ծառուկյանն է մեր տղերքի մեջքին կանգնած, եւ նրանք չեմպիոններ են, նա չի թողնի, որ մեր տղերքը դատվեն». «Սա մենք չենք ասում, այլ նրա հարազատներն են ասել: Բայց մեզ չի հետաքրքրում, թե ով է կանգնած նրանց մեջքին, մեզ պետք է, որ իմ հայրիկին ծեծի ենթարկողները պատժվեն օրենքով: Բացի այդ էլ, լսել ենք, որ դատախազությունում էլ այդ Գրիգորյան եղբայրները մարդ ունեն, եւ նա էլ է աջակցում»:
Հորը կորցրած աղջիկը Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանի իրավապահ համակարգից միայն մեկ պահանջ ունի. պատժել մեղավորներին եւ իրականացնել օբյեկտիվ, արդար քննություն:
Հ.Գ. Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը հովանավորում է մարզիկ եղբայրներին: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, որն ասաց. «Ձեր կողմից նշված անձինք որեւէ առնչություն չունեն Գագիկ Ծառուկյանի հետ, եւ անմտություն է նրա անունը կապել այդ գործին»:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈ՞Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ