ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐՆ ՈՒՇՔԻ ՉԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. խաղարկությունն ավարտվեց Բրազիլիայի հավաքականի վստահ հաղթանակով:
Եզրափակչում բրազիլացիները 3:0 հաշվով հաղթեցին աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն երկրորդ րոպեին բրազիլական «Ֆլումինենսե»-ի հարձակվող Ֆրեդն առաջ մղեց բրազիլացիներին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Պեդրոն կարող էր խփել իսպանացիների պատասխան գնդակը, սակայն Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսը գնդակը դուրս բերեց անպաշտպան դարպասից: Առաջին խաղակեսի ավարտից երկու րոպե առաջ «Բարսելոնա»-ի նորեկ Նեյմարը երկրորդ գնդակն ուղարկեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը: Թվում էր, թե երկրորդ խաղակեսում իսպանացիներն ուշքի կգան, կփոխեն միօրինակ խաղաոճը, բայց… Արդեն երկրորդ խաղակեսի չարաբաստիկ երկրորդ րոպեին Ֆրեդը դարձավ դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 3:0: Քիչ անց բրազիլացիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, եւ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, փոխանակ հարվածն իրացնելու իրավունքը զիջեր ռմբարկու Տորեսին, ինքը մոտեցավ գնդակին ու վրիպեց: Իսկ երբ 68-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար «կարմիր քարտ» ստացավ «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն, ամեն ինչ ավարտվեց… Բրազիլիայի հավաքականը պաշտպանեց տիտղոսը՝ երրորդ անգամ դառնալով Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող (1997թ., 2005թ., 2009թ.): Ի դեպ, իսպանացիները պարտություն չէին կրել նախորդ 29 խաղերում:
Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Նեյմարը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ` ստանալով Կոնֆեդերացիների գավաթի «Ոսկե գնդակը» (նա ճանաչվեց նաեւ եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ): «Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի հավաքականի, այսպես ասած, հնաբնակ, կիսապաշտպան Անդրես Ինյեստան ստացավ «Արծաթե գնդակը», իսկ «Կորինտիանս»-ի բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն` «Բրոնզե գնդակը»: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց բրազիլացի Ժուլիո Սեզարը, ում հանձնեցին «Ոսկե ձեռնոց» մրցանակը:




Լրահոս