Վերջին շրջանում ԲՀԿ-ն լռություն է պահպանում՝ Հայաստանում տեղի ունեցող լրջագույն քաղաքական իրադարձությունների հետ կապված։ “Ժողովուրդ”-ն այս առթիվ զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։
-ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ամռանը չի գնա հանգստի, որովհետեւ քաղաքականության մեջ արձակուրդ չի լինում։ Սակայն կարծես թե ԲՀԿ-ն վերջերս պասիվացել է: Ո՞րն է պատճառը:
-Ինչ-որ մեկը կարո՞ղ է նշել կարեւորագույն մի քաղաքական իրադարձություն կամ գործընթաց, որի վերաբերյալ ԲՀԿ-ն իր հստակ դիրքորոշումը հայտնած չլինի։ Այն, ինչը համարել ենք իրապես կարեւոր ու լուրջ, դրան անդրադարձել ենք, իսկ ինչը համարել ենք կեղծ քաղաքական օրակարգ ձեւավորելու փորձեր, բնականաբար, քաղաքական կրկեսների չենք մասնակցել եւ չենք մասնակցելու։ Վերջին շրջանում ակնհայտորեն փորձ է արվում կեղծ քաղաքական օրակարգեր ձեւավորել, որը որեւէ առնչություն չունի այն իրական պրոբլեմների հետ, որոնք այսօր կանգնած են երկրի առջեւ, որեւէ առնչություն չունի ժողովրդի իրական հոգսերի հետ, եւ այդ կերպ փորձ է արվում ժողովրդին մատուցել կեղծ ու իմիտացիոն օրակարգեր՝ հիմնական խնդիրներից շեղելու համար։ Անտիկ ժամանակներից մինչ օրս իր արդիականությունը պահպանած “հաց եւ տեսարաններից” այսօր մնացել են միայն տեսարանները։ Կեղծ տեսություններ են դնում շրջանառության մեջ, օրինակ՝ “իշխանությունն ինքն իր լավագույն ընդդիմախոսն է”, ու փորձում են Վերահսկիչի հաշվետվության շրջանակներում այդ տեսությունը զարգացնել։ Այդ նույն շրջանակները կեղծ մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե ԲՀԿ-ն պասիվ է, ու այդ կեղծ դիտարկման վրա ինչ կարգի դավադրությունների տեսություն ասես, որ չկառուցեցին։ Ո՛չ, ԲՀԿ-ն պասիվ չէ։ Պարզապես մենք իրական քաղաքական օրակարգերի մասնակից ենք մեզ համարում, ու որեւէ մեկը մեզ չի կարող կեղծ եւ կրկեսային օրակարգերի մասնակիցը դարձնել։
-Վարչապետի անվանն առնչվող օֆշորային սկանդալն է՞լ է կրկես:
-Տիգրան Սարգսյանի հետ կապված՝ որեւէ հարց չեմ ցանկանում մեկնաբանել։ Ընդամենն ասեմ, որ չեմ կարծում, թե Կիպրոսի գլխավոր դատախազը շատ ավելի վատ գիտի սեփական երկրի օրենսդրությունը, քան մեր որոշ պաշտոնյաներ՝ Կիպրոսի օրենսդրության մասով։
–Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ստեղծվելու է ԲՀԿ առավել փոքրաթիվ կառավարման մի մարմին, որն ունենալու է որոշումներ կայացնելու մանդատ։ Ինչո՞ւ է ձգձգվում այդ մարմնի ստեղծումը:
-Որեւէ բան չի ձգձգվում։ Ինչպես եւ ասել էր ԲՀԿ նախագահը, աշնանը, քաղաքական խորհրդին զուգահեռ, մենք կունենանք շատ ավելի մոբիլ ղեկավար մի մարմին, որը, այո՛, շատ ավելի արագ եւ օպերատիվ կարձագանքի ցանկացած գործընթացի։ Ցանկացած քաղաքական ուժ մշտապես ունի ներքին բարեփոխումների խնդիր, եւ դա ներկուսակցական ժողովրդավարության լավագույն խթանն է։ Այսօր յուրաքանչյուր կուսակցություն ունի այդ խնդիրը, եւ բացառություն չէ նաեւ ԲՀԿ-ն: Վստահաբար, կուսակցությունում կլինեն որոշակի կառուցվածքային փոփոխություններ, եւ այդ մասին խոսեց Գագիկ Ծառուկյանը:
-ԲՀԿ նախագահն ինչպե՞ս է վերաբերում Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հակամարտությանը՝ հաշվի առնելով Գ. Ծառուկյան-Հ. Աբրահամյան խնամիական հարաբերությունները:
-Ես չեմ կարծում, որ ԲՀԿ նախագահը կամ մեր կուսակցության որեւէ այլ անդամ պետք է մեկնաբանի այլ քաղաքական ուժերի ներկուսակցական հարաբերությունները։
Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 576 համար