ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ես մեքենայով խախտում եմ արել, եւ տեսախցիկը ֆիքսել է դա, նշանակում է, որ մի քանի օր անց ծանուցագիր կստանամ եւ տուգանք կվճարեմ: Բայց եթե այդ պահին հայտնվում է պետավտոտեսուչը, ինձ կանգնեցնում եւ տուգանում, այդ դեպքում ես ի՞նչ պետք է անեմ, ստացվում է, որ մեկ խախտումի համար պետք է վճարեմ երկո՞ւ անգամ:

Մարտին Պողոսյան (48 տարեկան, վարորդ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այն վայրերում, որտեղ տեղադրված են արագաչափ սարքեր կամ տեսախցիկներ, ՃՈ ծառայողների կողմից, որպես կանոն, ծառայություն չի իրականացվում, եւ Ձեր կողմից նկարագրված իրավիճակի առաջացումը գործնականում գրեթե անհնար է:
Սակայն քանի որ տեսականորեն կարող է նման բան տեղի ունենալ, օրենքը կարգավորում է նման հարաբերությունները: Մասնավորապես. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվ. 2-րդ մասի համաձայն՝ այդ օրենքի գործողությունը չի տարածվում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից, եւ տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է՝ անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այդ դեպքերում վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով:
Այսինքն, եթե Ձեր կողմից կատարված իրավախախտումն արձանագրվել է ՃՈ ծառայողի կողմից, իսկ հետագայում ստացել եք նաեւ տեխնիկական միջոցով ամրագրված՝ նույն իրավախախտման համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտ, ապա անհրաժեշտ է ՃՈ ներկայացնել տեխնիկական միջոցով ամրագրված իրավախախտման համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը բեկանելու պահանջով դիմում, որին պետք է կցել ՃՈ ծառայողի կողմից կայացված որոշման պատճենը:

ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, լավագույն տարբերակը երթեւեկության կանոնները չխախտելն է, որպեսզի հետագայում վարորդը չընկնի նման քաշքշուկների մեջ՝ փորձելով ապացուցել, որ կատարած խախտման համար ինքն արդեն մեկ անգամ տուգանք մուծել է:




Լրահոս