Երեկ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը ներկայացրեց 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներից որոշ մանրամասներ, սակայն այդպես էլ շատ հարցեր մնացին օդից կախված: Իսկ ներկայացված մանրամասները թերեւս ավելի շատ որպես շոուի շարունակություն:
Եվ այսպես՝ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով անցել է 4 ամիս, եւ այս ամիսների ընթացքում հանրությանը հետաքրքրում է, թե ով եւ ինչպես պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, կամ ինչպես խմբի անդամները պետք է հարձակում իրականացնեին ՀՀ կառավարության շենքի, Ազգային ժողովի եւ այլ գերատեսչությունների վրա:
Այս հարցերի պատասխանների փոխարեն երեկ մամուլի ասուլիս հրավիրած քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը ներկայացրեց նախաքննության ընթացքում ձեռք բերված լուսանկարներ, թե ինչպես են խմբի անդամները զինված լուսանկարվել: Ինչպես են 2015 սեպտեմբերի 6-ին Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում մարզվել, սովորել զենք գործադրել: Ներկայացվեց հայտնաբերված զենքերը, ռազմամթերքները: Իսկ կոնկրետ ով ինչքան գումարի դիմաց է զենքը վաճառել խմբի անդամներին կամ նվիրել, այդպես էլ ոչ ոքի հայտնի չդարձավ: Միքայել Համբարձումյանը միայն նշեց, որ զենք տվող անձինք կալանքի տակ են:
Քննչական խմբի ղեկավար Համբարձումյանը ներկայացրեց բջջային հեռախոսները, թե ինչպես են անդամները հեռախոսով միմյանց հետ կապի մեջ եղել, նոթատետրերը, թե խմբի անդամներից կոնկրետ ով պետք է, օրինակ, Ազգային ժողով մուտք գործեր: Ասել է, թե յուրաքանչյուր անձ ունեցել է կոնկրետ առաջադրանք, որ պետք է իրականացներ: Օրինակ՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված նոթատետրում խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի անվան դիմաց գրված է Բաղրամյան 26, սակայն քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը այդպես էլ կոնկրետ չներկայացրեց, թե Արթուր Վարդանյանը ինչպես էր պլանավորել մուտք գործել նախագահի նստավայր, ով էր նրա կոնկրետ թիրախը այդ շենքում: Սա դեռ վերջը չէ, Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս գործով ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի դերակատարմանը, նշեց. «Մայիսից Շիրխանյանը կոնտակտներ է ունեցել խմբի պարագլուխների, ղեկավարների հետ, տեղեկացված է եղել խմբի նպատակների մասին, ուրույն դերակատարություն է ստանձնել մասնակցելու հետ կապված եւ կատարել է որոշակի գործողություններ: Մեր նպատակն է պարզել, թե Վահան Շիրխանյանը ինչ պարտավորություն է վերցրել՝ գործողություն կատարե՞լ է, թե՞ չէ: Դրանից հետո կրկին կանդրադառնանք նրա գործողությունների գնահատմանը»: Ասել է, թե ԱԱԾ-ն գիտի, որ Վահան Շիրխանյանը դերակատարություն է ունեցել, բայց թե ինչ դերակատարություն, դեռ չի կարողանում բացահայտել: Ի դեպ, Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու մասին «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությանը, հայտնեց, որ խմբի կողմից քննարկվել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը. «Կրկնում եմ՝ Արթուր Վարդանյանի կողմից այդ առումով որոշում կայացված չի եղել, եւ դա ընդամենը գտնվել է քննարկման փուլում»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ը տեղեկություններ ունի, որ Սերժ Սարգսյանին ԱԱԾ-ից զեկուցել են, թե պարո՛ն նախագահ, նրանք ծրագրել են պայթեցնել Ձեր ինքնաթիռը:
ԱԱԾ-ի կողմից կատարված աշխատանքներին երեկ անդրադարձել էր «Նոր ժամանակներ կուսակցության» նախագահ Արամ Կարապետյանը՝ նշելով. «Ժողովուրդ ջան, ԱԱԾ-Ի մամլո ասուլիսից հասկացա, որ Նորք-Մարաշի «բենլադենական» հայ շատ լուրջ ու «արյունարբու» «տեռորիստները» հեռուստացույց ու YouTube չեն ունեցել… Թե չէ գոնե Շտիռլիցի կինոն նայած կլինեին ու կիմանային, որ նման գործերում նոթատետր չեն պահում, գրառումներ չեն անում, յուրաքանչյուր գրվածք այդ թեմաներով տեղում այրում են ու հեռախոսներով իրար հետ դրա մասին չեն խոսում»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Կարապետյանն ասաց, որ միանշանակ հասկանալի է՝ կա՛մ նոթատետրերը ի սկզբանե պատրաստված են եղել, կա՛մ պատրաստվել են՝ հետագայում լրջություն տալու համար, կա՛մ եթե նման բան եղել է, ապա այդ մարդիկ ընդհանրապես որեւէ գաղտնի գործողության գնալու փորձ չեն ունեցել. «Ո՞ր մարդն է գնում տեռորիստական ակտի ու վերցնում տետրի մեջ գրում, թե ով ում է խփում, ինչպես եւ երբ: Ես դեռ ավելի ծիծաղելի բան չէին տեսել»:
Ըստ Արամ Կարապետյանի` ԱԱԾ-ն գտնվում է ծանր կացության մեջ. «Այն ժամանակ մեկ ու մեջ բաներ ներկայացվեց, հիմա կամաց-կամաց շատ հարցեր սկսում է լողալ, փակվել: Ուզեցել են Սերժ Սարգսյանին սպանել, չգիտենք՝ խոսե՞լ են, ուզե՞լ են ինքնաթիռը խփել, չգիտենք: Վերջնական որոշում չի եղել: Այսինքն՝ երեւում է, որ ռեալ այդ ապացուցողական բազան գնալով ռուսերենում լավ խոսք կա. «ՑՈպՑ», հալվում է»:
Ըստ Արամ Կարապետյանի.«Եթե որոշում է եղել մեկին «խփել», ապա դա պետական գործիչին սպանելու ծրագիր է եւ քրեական օրենսգրքի հատուկ հոդված: Եթե խոսակցությունը եղել է, որոշում չի կայացվել, նախադեպ էլ չկա, դա լրիվ ուրիշ հոդված է: Այսինքն՝ ապացուցողական բազան չի հերիքում, կամ ինչ-որ մեկին սկսել են մաքրել»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մի եզրակացության է եկել. «Դուրս է գալիս, որ մեր երկրում ո՛չ նախագահի անվտանգության ծառայություն կա, ո՛չ էլ ԱԱԾ: Եթե ինչ-որ մարդիկ կարողանում են Սերժ Սարգսյանի առանձնատունը նկարել կա՛մ Ռոբերտ Քոչարյանի գործելու վայրը, կա՛մ 147 պետական քաղաքական գործիչների տեղաշարժը, ընտանիքի անդամների տեղաշարժը հավաքագրել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի խումբ պետք է գործած լինի: Երեւի թե ինչ-որ պետական ստրուկտուրաներում պետք է կապեր ունենար, որ նմանատիպ ինֆորմացիաներ կարողանար հավաքել: Եւ ի՞նչ է ստացվում՝ մեր երկրում ազգային անվտանգություն չկա՞ ընդհանրապես, կամ այս ներկայացվածը իսկություն չէ՞: Ստացվում է, որ այդ խմբին այնպիսի մարդիկ են օգնել, որ դեռ պարզված չէ, կամ չի թույլատրվում պարզել: Հետո ինչ-որ մեկը եկեղեցում Սերժ Սարգսյանին նկարել է կամ հոգեւորականի շոր է հագել: Սերժ Սարգսյանին եկեղեցում նկարելը ի՞նչ կտար, ամեն օր տարբեր եկեղեցիներում, տարբեր հարսանիքներում այնքան նյութ կա Սերժ Սարգսյանի մասին, շատ ծիծաղելի է: Ինչքան ծանոթանում ենք դրվագներին, այնքան հասկանալի է դառնում, որ ո՛չ ԱԱԾ-ն է նորմալ գործում, ո՛չ էլ, Աստված հեռու պահի, նորմալ հայ տեռորիստ կա»:
Արամ Կարապետյանն իր համար արդեն պարզել է, որ «այսքան սպասեցինք ու իմացանք, որ խմբի անդամները թուղթն ու գրիչը վերցրել են, իրենց արյան շաքարի բաղադրությունը գրել են թղթի վրա, կիսվել հույզերով եւ պահել իրենց մոտ, մինչեւ ԱԱԾ-ն գա, առգրավի: Կատակերգություն»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆԳԱՄ 10 ՑԵՆՏՈՎ
«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել բեռնափոխադրումների շուկայում գործող խոշոր ընկերություններից մեկի՝ «4 ընկեր» ՍՊԸ տնօրեն Կառլեն Մկրտչյանին:
-Պարո՛ն Մկրտչյան, ճի՞շտ է, որ Հովհաննես Հովսեփյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «խաղի կանոնները» փոխվել են, մաքսազերծման գները՝ բարձրացել, ինչի պատճառով Դուք եւ շուկայում գործող մյուս ընկերությունները փաստի առաջ եք կանգնել:
-Մաքսային ծառայությունը ինչպես նախկինում աշխատել է, այնպես էլ աշխատում է: Համենայն դեպս, մեր՝ տնտեսվարողների տեսանկյունից որեւէ տարբերություն չենք զգացել եւ որեւէ խոչընդոտի չենք հանդիպել: Իսկ գների թանկացման մասին ընդհանրապես խոսք չկա, ո՛չ մաքսազերծումն է թանկացել, ո՛չ էլ մենք ենք թանկացրել մեր ծառայությունների գները: Անգամ 10 ցենտի փոփոխություն չկա:
-Ուզում եք ասել, որ ներմուծման հետ կապված դժվարություններ, ծավալների անկում չկա՞: Որոշ ընկերություններ չէին հերքել այդ տեղեկությունները:
-Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ մյուս կազմակերպություններն այս ամիս որքան ապրանք են ներմուծել եւ ինչ դժվարություններ են ունեցել: Մեր մասով ասեմ՝ մենք մեր բեռները նորմալ ներմուծել ենք եւ մաքսազերծել: Ամսվա կտրվածքով մոտավորապես 250 տոննա բեռ ենք ներմուծել, որը համապատասխանում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
-Սակայն մարտի սկզբին որոշակի դժվարություններ եղել են՝ ներմուծման հետ կապված: Անգամ մտավախություններ հնչեցին՝ շուտով շուկայում կարող է դեֆիցիտ նկատվել:
-Դեֆիցիտ, ինչպես տեսնում եք, չկա: Մենք աշխատում ենք բնականոն ռեժիմով: Այո՛, մարտի սկզբին իրոք ժամանակավոր դժվարություն ծագեց, սակայն դա կապված էր ոչ թե մեր կամ մաքսային ծառայության հետ, այլ պայմանավորված էր արտաքին գործոններով: Շատ չմանրամասնեմ, ուղղակի ասեմ, որ խնդիրը տեխնիկական էր եւ կապված էր Վրաստանում բեռների կշեռքների հետ: Օրերի ընթացքում կարգավորվեց:
-Ձեր ընտանիքի անունը ու Ձեր բիզնեսները երբեմն կապվում են այս կամ այն պաշտոնյայի անվան հետ: Ի՞նչ կասեք այդ լուրերի վերաբերյալ:
-Ճիշտ եք նկատել, երբեմն ես մամուլի հրապարակումներից եմ «բացահայտում», թե ում հետ եմ ընկերություն կամ գործընկերություն անում: Իսկ եթե ավելի լուրջ՝ մենք գործարար ենք, ու ավելի շատ նախընտրում ենք աշխատել, քան խոսել: Միգուցե երբեմն մեր լռությունը որոշ մարդկանց մոտ սխալ ենթադրությունների տեղիք է տալիս, սակայն մենք ոչինչ չենք թաքցնում ու աշխատում ենք բաց ու թափանցիկ: Այո՛, մեր ընտանիքը բիզնեսներ ունի տարբեր ոլորտներում՝ բեռնափոխադրումներ, կաթնամթերքի արտադրություն, զովացուցիչ ըմպելիքների արտադրություն, տաքսի ծառայություն… Ոչ մի պաշտոնյա այդտեղ մասնակցություն չունի: Հարյուրավոր աշխատողներ ունենք: Պարտաճանաչ կերպով վճարում ենք հարկերը՝ ամեն տարի ավելացնելով: Միայն «4 ընկեր»-ը վերջին 7 տարիների ընթացքում շուրջ 14,5 մլրդ դրամի հարկ է վճարել: Ու այս ամենին հասել ենք մեր ուժերով, աշխատանքով, համառությամբ: Բայց առանց որեւէ մեկի ոտքը տրորելու, առանց ապօրինությունների: Գործարար շահից առավել ինձ համար ամենակարեւորը մեր ընտանիքի հեղինակությունն է, ու նույն ոգով էլ դաստիարակում եմ իմ որդիներին:
Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ԳՈՒՄԱՐԻ ՄԻ ՄԱՍՆ ԵՆ ՏՎԵԼ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Գյուղի շրջակա բարձունքներին ադրբեջանական հենակետեր են, որտեղից պարբերաբար Կոթի գյուղի պաշտպանական դիրքերը գնդակոծվում են: Գյուղը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին 40 զոհ է ունեցել:
Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ մարտի 27-ին Ղազախի շրջանի հենակետերից ադրբեջանական զինուժը գնդակոծել է Կոթիի պաշտպանական դիրքերը եւ գյուղի որոշ թաղամասեր: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ադրբեջանական գնդակոծության պատճառով 2015թ. ամռանը Կոթիի սահմանագոտում առանց հնձելու մնաց 27.5 հեկտար ցորենի արտ: Կոթիի գյուղապետից հետաքրքրվեցինք, թե չհնձված այդ արտերի տերերին պետական բյուջեից փոխհատուցում տրվե՞լ է: Ֆ. Մելիքյանն ասաց, որ այդ արտերի տերերին համամասնորեն դրամական փոխհատուցում տրվել է, յուրաքանչյուրին փոխհատուցվելիք գումարի մոտ 30 տոկոսի չափով, մնացած գումարն էլ հետո կտրվի: Այսպիսով` ստացվում է, որ տարբեր ոչ կարեւոր ծրագրերի համար պետբյուջեում գումար գտնվում է, սակայն սահմանին ապրող, իրենց կյանքը մշտապես վտանգի ենթարկող կոթեցիներին փոխհատուցելու նպատակով բյուջեի գումարները չեն հերիքում: Հավելենք, որ նախկինում Կոթի համայնքի պատվավոր բնակչի կոչումներ են տրվել Սերժ Սարգսյանին եւ Սեյրան Օհանյանին: Վերջինս նաեւ Կոթի գյուղի փեսա է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ