ՎՐԱՆՆ ԱՌԳՐԱՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամները երեկ Երեւանի քաղաքապետարանի դիմացի խոտածածկ տարածքում փորձեցին վրաններ տեղադրել, ինչը, սակայն, ոստիկանները թույլ չտվեցին: Նշենք, որ երիտասարդներն արդեն յոթ օր է, ինչ նստացույց են անում:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում եւ փաստաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի հետ երկար բանակցելուց հետո հայտարարեց, որ ակտիվիստները վրաններ տեղադրելու համար քաղաքապետարանից  թույլտվություն չեն ստացել: Փոխոստիկանապետի այս հայտարարությանը հակադարձեց Ա. Կիվիրյանը` ասելով, որ ոստիկանությունը ստում է, եւ օրենքով չի արգելվում վրան տեղադրել: Կիվիրյանի այս խոսքերից հետո ոստիկանությունը նրան բերման ենթարկեց՝ պատճառաբանելով, որ նա ոստիկանների օրինական պահանջին չի ենթարկվել:
Մինչ Կիվիրյանն ու Օսիպյանը բանակցում էին, մի քանի ակտիվիստներ փորձեցին քաղաքապետարանի դիմացի խոտածածկ տարածքում վրաններ տեղադրել: Ոստիկանները, տեսնելով դա, վազեցին դեպի վրաններով երիտասարդները եւ թույլ չտվեցին դրանք դնել նույնիսկ խոտի վրա: Բացված վրանները ակտիվիստները պահեցին իրենց ձեռքերում:
Սկսվեց հրմշտոց. մի կին, ում ձեռքին կար բացված վրան, պահանջում էր ոստիկաններից թույլ տալ այն դնել խոտի վրա: Ակցիային ներկա Վարդգես Գասպարին սկսեց Օսիպյանին բարձրաձայն վիրավորել, որից հետո վրանի տեղադրումը վերածվեց քաշքշուկի: Արդյունքում՝ մի կին իրեն վատ զգաց եւ ուշաթափվեց: Բարեբախտաբար, շտապօգնության մեքենան արագ ժամանեց, եւ կնոջը համապատասխան օգնություն ցուցաբերվեց: Այս քաշքշուկից հետո ակտիվիստները նկատեցին, որ վրանները չկան: Պարզվեց` ոստիկանները դրանք առգրավել են: Ակտիվիստները ոստիկաններից պահանջեցին հետ վերադարձնել իրենց վրանները, իսկ Վ. Օսիպյանն էլ հայտարարեց, որ դրանք գտնվում են ավելի ապահով տեղում՝ ոստիկանությունում: Այնուհետեւ ակտիվիստները, հայտարարելով, թե  ոստիկանությունն «առեւանգել է» իրենց ընկերոջը՝ Ա. Կիվիրյանին, երթով շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու, որ ազատ արձակեն նրան: Ավելի ուշ Ա. Կիվիրյանն ազատ արձակվեց: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել եւ չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները: Ա. Կիվիրյանը տուգանվել է սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, առաջարկվել է հաղորդում տալ, որից նա հրաժարվել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս