ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱՐՔԱՅԻՆԸ ՍՏԵԼ Է
Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Արսեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի գնդացրորդ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը սուտ է, 2013թ. ապրիլի 26-ին կատարել է սուտ մատնություն, այն է՝ հանցագործության մասին հաղորդում եւ բացատրություն է տվել, որ նույն զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանը վիրավորանք է հասցրել իրեն, պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իր հասցեին, անպարկեշտ ձեւով վիրավորել իր պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ, Ա. Մարտիրոսյանը 2013թ. մայիսի 30-ին ինքնակամ թողել է ծառայության վայրը եւ միայն 4 օր անց՝ 2013թ. հունիսի 6-ին, ինքնակամ ներկայացել  ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ծառայությունից բացակայելով 3 օրից ավելի տեւողությամբ: Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն) եւ 361-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Նշենք, որ Ա. Մարտիրոսյանը նախկինում դատվել է ՀՀ ՔՕ 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), նրա դատվածությունը մարված չէ: Ա. Մարտիրոսյանը կալանավորված է եւ գտնվում է ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում: Սույն գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հուլիսի 31-ին:

ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է
Հուլիսի 14-ից մինչ օրս Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում սատկել է թվով 156 տարբեր քաշի, տարիքի եւ սեռի խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գյուղում խոզերի անկումը շարունակվում է. «Հուլիսի 19-ին ինձ պաշտոնապես հայտնել են, որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտ հիվանդությունն է: Եթե մինչ այդ անկված խոզերը թաղում էին տարբեր տեղերում՝ սեփական հողամասում կամ այլ տեղ, դրանից հետո խոզերի թաղումը դրա համար հատկացված հատուկ վայրում է կատարվում: Իրականացվել են ախտահանման աշխատանքներ»: Աֆրիկյան ժանտախտի պատճառով որոշ գյուղացիներ մորթում են խոզերը եւ վաճառում միսը` կիլոգրամը 2000 դրամով: Վերավաճառողներն էլ, այն գնելով, կիլոգրամը 2500 դրամով իրացնում են շուկաներում: Հավելենք, որ խոզերի այս հիվանդությունը բուժում չունի: 2007թ. աֆրիկյան ժանտախտը տարածվեց Հայաստանում: Մասնագետներն ասում են, որ այդ հիվանդության վարակը 7 տարի պահպանվում է շրջակա միջավայրում: 2007թ. Տավուշի մարզում այդ հիվանդության համաճարակի հետեւանքով սատկած հարյուրավոր խոզեր չթաղվեցին, նեխեցին անտառներում եւ ձորերում, ինչի արդյունքում վարակը տարածվեց բնության մեջ: Ուստի հայտնի չէ, թե քանի տարի դեռ աֆրիկյան ժանտախտը Տավուշի մարզում կխոչընդոտի խոզաբուծությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս