Կյանքը ցույց է տալիս, որ երբ դիվանագիտությունը սկսում է առավել տեսանելի կաղալ, գործադրվում են թնդանոթները: Իհարկե, հուրախություն մեզ, նույնիսկ ժամանակակից զինատեսակների մեծաթիվությունը չի կարողանում հաղթել հայկական բանակին, բայց փաստ է, որ Հայաստանում այսօր նոր իրավիճակ է:
Մինչ այս մեզանում առկա պատրանքները, թե մենք ունենք դաշնակիցներ, պարզվում է` զուր էին: Ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունը, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Գերմանիան ե՛ւ մյուս բոլոր երկրները առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական շահերով: Եւ անհերքելի իրողություն է, որ Հայաստանում ու Արցախում միայն մեզ է անհրաժեշտ խաղաղություն: Ցավոք, խաղաղության հասնելու միակ ճանապարհն էլ պատերազմն է: Մեզ անհրաժեշտ է կոնկրետ տարածքներ նվաճել, որպեսզի պարտադրենք Ադրբեջանին մեր թելադրած պահանջներով զինադադար կնքել:
Նկատենք, որ դրա համար այսօր առկա են ավելի քան նպաստավոր պայմաններ: Նախ Ադրբեջանն իր գործողություններով պարզապես մեզ դրդում է ինքնապաշտպանվել եւ անվտանգության նոր գոտիներ կառուցել մեզ համար: Ինչը նշանակում է նոր տարածքների ազատագրում:
Բացի այդ, այսօր մեր երկրում առկա ոգեւորությունն ու դրական էներգետիկան չպետք է թողնել կորչի. պետք է ճիշտ ուղղորդել, որ հաղթանակի հասնենք:
Եւ ամենակարեւորը, հայկական բանակը բերված է մարտական բարձր պատրաստվածության վիճակի, որն ունակ է ջախջախիչ հաղթանակ տանել: Եւ պետք է սառնասրտորեն իրավիճակը վերլուծելով` առաջ գնալ, ընդ որում` կիրառելով արդեն ոչ միայն 80-ականների զենքերը: Պետք է գործի դնել նաեւ նոր գնված զինատեսակները` մաքսիմում արդյունքի հասնելու համար:
Ինչպես նշել էր տնտեսագետ Թաթուլ Մարգարյանը՝ թիրախավորելով Բաքու-Ջեյհան նավթամուղն ու ադրբեջանական նավթահորերը: Հընթացս պետք է փոխել նաեւ մեր երկրում մինչեւ ապրիլի 1-ը գործող բարքերը, քանի որ ռազմական ճակատից բացի՝ մենք ունենք նաեւ երկրորդ թիրախը, որը մեր երկրի տնտեսությունն է: Պետք է առանց միմյանց խանգարելու, առանց կոռուպցիայի եւ զոռբայության, առանց թալանի համախմբված ոտքի հանենք նաեւ մեր երկրի տնտեսությունը: Անհրաժեշտ է մանր ու միջին գործարարները երկրում շնչելու հնարավորություն ունենան, որպեսզի արտադրեն, արտահանեն ու ֆինանսական աշխուժություն մտցնեն երկրում: Դրամաշնորհներն ու վարկերը չպետք է դառնան երկրի ֆինանսական հիմնական մուտքերը:
Վստահ կարելի է պնդել, որ միայն մեր հաղթանակից հետո այսօր լղոզված հայտարարություններ տարածող միջազգային հանրության ամենատարբեր խավի ներկայացուցիչները «կնկատեն» մեզ եւ կսկսեն խոսել արդեն խնդրողի դիրքերից, որ դադարեցնենք ռազմական առաջընթացը:
Այնպես որ, Սերժ Սարգսյանի առջև այսօր խնդիր է դրված ուղղելու նախկին երկու նախագահների գլխավոր սխալները` մեկ, որ այս, մեզ համար ոչ նպաստավոր պայմաններում հրադադար չկնքվի, ինչպես 1994-ին արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ` բանակցային սեղանի շուրջ վերադառնա Արցախը:
Ինչքանով Ս. Սարգսյանը կցանկանա եւ կհամարձակվի իրագործել վերը նշված հրամայականները, կարճ առաջիկայում կերեւա: Բայց որ անգամ պատերազմի գնով երկարատեւ խաղաղություն ու Արցախի հիմնահարցի լուծում է պետք, աներկբա է: Այսպիսի համախմբում երկրի ներսում եւ դրսում պատմության մեջ դժվար է ասել, թե էլ երբ կլինի: Ուրեմն պետք է օգտագործել պատմական պահը:
Թամարա Միքայելյան