«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների անունից տարածված անանուն լսանյութը, կարելի է ասել, «ընդմիջվեց» պատերազմական գործողություններով: Անզեն աչքով նկատելի է, որ այն ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայություններում «իշխանափոխություն» իրականացնելու: Եւ կատարվածը ներիշխանական լուրջ խմորումների թեմա դարձավ:
Նկատենք, որ լսանյութի վրա դրված լոգոն հարկային պետական ծառայության խորհրդանիշն էր, մինչդեռ այդպիսի ծառայություն Հայաստանում վաղուց գոյություն չունի: Հայաստանում գործում է պետեկամուտների կոմիտե, եւ ՊԵԿ աշխատակիցներ ներկայացածները մաքսային ծառայության մասին են պատմում՝ չնկատելով այդ «մանրուքը»: Ինչեւէ, «Ժողովուրդ» պարզեց, որ տեսանյութում հիշատակված զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, նախորդ տարվա դեկտեմբերից պաշտոնանկ է արվել: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ նա խոշոր բիզնես ունի Վիեննայում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: