ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է ՌԴ իշխանությունների սկսած աննախադեպ կոշտ պայքարին` ընդդեմ ապօրինի ներգաղթյալների: Ռուսները դժվարացրել են օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՌԴ, անգամ եթե նրանց փաստաթղթերը կարգին են: Մյուս կողմից էլ Մոսկվայում քաղաքային իշխանությունների պահանջով դադարեցվել են մի քանի խոշոր շուկաների աշխատանքները, իսկ այնտեղ աշխատող ապօրինի ներգաղթյալներին պատրաստվում են արտաքսել իրենց հայրենիք: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով փորձեց մեկնաբանություն ստանալ իշխող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
-Պարո՛ն Մնացականյան, ՌԴ իշխանությունները որոշել են ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ մեթոդներով պայքարել: Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր՝ այս իրավիճակում Ձեզ չի՞ մտահոգում հայ միգրանտների ճակատագիրը: Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն` այս խնդիրը հարթելու համար:
-Ուրեմն դա կարող եք արտաքին գործերի նախարարությունից ճշտել, ես իմ կարծիքն ինչո՞ւ պետք է ասեմ:
-Որպես ՀՀԿ անդամ, որպես իշխանության ներկայացուցիչ…
-Ես ինֆորմացիա չունեմ դրա մասին ու չեմ կարող կարծիք արտահայտել դրա վերաբերյալ: Եթե նման բան կա, դա շատ վատ բան ա, բայց առայժմ ես բան չեմ կարող ասել:
-Այսինքն՝ տեղյա՞կ չեք, թե ինչպես են ՌԴ-ում վարվում հայ միգրանտների հետ:
-Դե տեղյակը տեղյակ եմ մամուլից ինչ-որ չափով, բայց թե կոնկրետ ինչ է կատարվում, դա պետք է խորքային ուսումնասիրել ու նոր կարծիքներ հայտնել: Օդի մեջ կարծիքներ արտահայտելը սխալ է:
-ԱԳՆ-ն եւս որեւէ քայլ չի ձեռնարկում…
-Դե ես ի՞նչ անեմ, դիմե՛ք իրենց, թող անեն:
-Բայց Դուք էլ իշխող կուսակցության ներկայացուցիչ եք, ինչո՞ւ Դուք որեւէ քայլ չեք փորձում ձեռնարկել այդ ուղղությամբ:
-Այսինքն՝ եթե քայլ ձեռնարկելու խնդիր կա, ուրեմն կքննարկվի կուսակցությունում, կուսակցության ամեն անդամ ինքնագլուխ հո չի՞ կարող քայլ ձեռնարկել: Եթե կուսակցություն է, ուրեմն պետք է այդ կուսակցությունը քննարկի իր խորհրդում, որոշումներ կայացնի, նոր: -Այդուամենայնիվ, խոսքը ՀՀ ռազմավարական դաշնակցի, «մեծ եղբայր» Ռուսաստանի մասին է…
-Լավ, ես հիմա զբաղված եմ, հետո կխոսենք: Ցտեսություն:
Հ.Գ. Այս հարցի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Նիկոյանի եւ Մուրադ Մուրադյանի հետ: Սակայն Ս. Նիկոյանը, լսելով հարցը, անջատեց հեռախոսն ու այլեւս մեր զանգերին չպատասխանեց, իսկ Մուրադյանն էլ հարցը լսելուց հետո հայտարարեց, թե ինքը դաշտում գործ է անում ու շատ զբաղված է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս