Մինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստների հետ ճամբարում կիթառ էր նվագում ու երգում «Բարով եկար, սիրուն կռունկ», երեկ Երիտասարդության միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը տխուր ցուցանիշներ հրապարակեց: Ըստ այդմ, աշխարհում կա 15-24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մեկ ութերորդը: «Հայաստանից մեկնող երիտասարդ միգրանտները եւս մեծ թիվ են կազմում: Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78, 5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկնի Հայաստանից: Հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ արտերկրում ավելի հեշտ է աշխատանք գտնել: Արտերկրում աշխատավարձերը ավելի բարձր են` 42 տոկոս: Հետո գալիս է բարոյահոգեբանականը»,- ասաց Գարիկ Հայրապետյանը: Այսպիսով, հերթական անգամ պետք է արձանագրենք այն իրողությունը, որ մենք ապրում ենք երկու տարբեր իրականությունում. մեկում երիտասարդները ուրախ ու երջանիկ են եւ վարչապետի հետ երգում են, իսկ մյուսում մեծամասամբ պատրաստ են լքել երկիրը: Ու այսքանից հետո առնվազն զավեշտալի է, որ ՀՀ վարչապետը երգում է:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԳՈՒՄ Է, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ