Դիարբեքիրի հայերն ապրիլի 23-ին տեղի Քոշույոլու հրապարակում Հայոց ցեղասպանության նվիրված ակցիա են անցկացրել` պահանջելով ուսումնասիրել 1915 թվականին ձերբակալված և անհետացած հայ մտավորականների ճակատագրերը: «Որպես Դիարբեքիրի հայեր` մենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին շարունակում ենք մեծ ցավ ու ամոթ ապրել, քանի որ 1915 թվականին ձերբակալված հայ մտավորականների և յոթ հայ պատգամավորների ճակատագրերի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չկա:
Մենք պահանջում ենք իշխանություններից գտնել նրանց մասունքները և թաղել ըստ մեր կրոնի և ավանդույթների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պահանջել են հավաքված Դիարբեքիրի հայերը: Նրանք պահել են մեծ պաստառ, որտեղ պատկերված են եղել Գրիգոր Զոհրապը, Նազարեթ Տաղավարյանը, Վահան Փափազյանը, Պետրոս Հալաջյանը, ինչպես նաև գրություն հետևյալ բովանդակությամբ. «Պահանջում ենք մեր հայ մտավորականներին, ովքեր 101 տարի առաջ հանվել և տարվել են իրենց տներից»: Ներկաների ձեռքում եղել են նաև Հրանտ Դինքի լուսանկարները: