Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ-ականների փակ հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, որը տևել էր ավելի քան երկու ժամ: Նիստից հետո ՀՀԿ-ականները չէին ցանկանում շատ տեղեկություններ տրամադրել հանդիպման մասին` ասելով, թե ներկուսակցական հարցեր են քննարկվել:
Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց. «Հատուկ հարց չի եղել: Կարող եմ ասել որ անդրադարձ է եղել նաև Ընտրական օրենսգրքին»:
«Մեր կուսակցության նախագահի հետ Հանրապետական խմբակցության հանդիպումն էր, որը պարբերաբար է մեր մոտ լինում»,- նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին՝ վաղը Գործադիր մարմնի նիստ լինելու է, ինչո՞վ էր պայամանավորվա մի օր առաջ հրատապ նիստ հրավիրելը, Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ Գործադիր մարմնի անդամները 17-18 հոգի են, և բնականաբար, անհրաժեշտություն կար, որպեսզի պարբերաբար կուսակցության նախագահը հանդիպի նաև պատգամավորական խմբակցության հետ»:
Հիշեցնենք, որ մինչ այս ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել իր թիմակիցների աշխատանքից: Նա զայրացել է ՀՀԿ–ականներից շատերի վրա և նշել, որ նրանք անգործության են մատնվել` հավելելով, թե միայն գեղեցիկ խոսում եք, բայց չեք աշխատում: