ՀՀ փաստաբանների պալատի նախագահի` սեպտեմբերի 14-ին կայանալիք ընտրությունները կարծես թե սպառնում են բավական աղմկոտ լինել: Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, որն այսօր պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ութ տարի շարունակ ՓՊ-ում փաստաբանները տարանջատված են յուրայինների եւ օտարների, ու բոլոր գործուղումներին մասնակցում են ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի մտերիմները: Ավելին, նա հայտնեց, թե Ռ. Սահակյանն ուզում է, որ իր իրավահաջորդը լինի ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանը: Ռ. Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց Զոհրաբյանին որպես իր իրավահաջորդ տեսնելու մասին լուրը: Իսկ անձամբ Զոհրաբյանը ձեռնպահ մնաց այդ հարցին պատասխանելուց, միայն ասաց, թե ՓՊ փոխնախագահի եւ խորհրդի անդամի պաշտոններից հրաժարական է տվել, որպեսզի հավասար պայմաններում մասնակցի ընտրություններին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ