ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԼԻՈՆՆԵՐ  
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը մեծ գումարներ է ծախսում հուշանվերների ձեռքբերման համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ օրերս ՀՀ պետական բյուջեից կառավարությունը 925 հազար դրամի հուշանվեր է գնել ՀՀ կենտրոնական բանկից: Նույնքան գումարի հուշանվեր կառավարությունը ԿԲ-ից գնել էր նաեւ հուլիսի սկզբներին: Եթե հաշվի առնենք Տիգրան Սարգսյանի եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի միջեւ բարեկամական կապը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ վարչապետն ինքն էլ եղել է ՀՀ ԿԲ նախագահն ու հիմա էլ շարունակում է իր ազդեցությունը պահել այդ մարմնի նկատմամբ, ապա հասկանալի է, թե ինչու է կառավարությունը հուշանվերը գնել ԿԲ-ից՝ ավելացնելով առանց այն էլ շահույթով աշխատող այդ հիմնարկության շահույթները:

ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից փորձեցինք հավելյալ տեղեկություններ ճշտել: Սակայն Սաղաթելյանն ասաց, թե Ս. Սարգսյանի բոլոր այցերի վերաբերյալ նախագահականի տեղեկատվության վարչությունը ժամանակին եւ պատշաճ տեղեկություններ հրապարակում է. «Խնդրում եմ՝ հետեւե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Ս. Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնելու օգոստոսի 15-17-ին: Սակայն քանի որ այդ օրերին Վ. Պուտինը մեկնել էր Ադրբեջան, ՌԴ նախագահի հետ հանդիպումը հետաձգվել էր:

ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արագածոտնի մարզի Մեծաձոր եւ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքների ղեկավարի արտահերթ ընտրությունները: Մեծաձորի ղեկավարի համար թեկնածություն առաջադրել են երկու հոգի, երկուսն էլ ՀՀԿ-ից` Մաջիտ Ամոյանը եւ Թեմուր Քալաշյանը: Վերջինս Մեծաձորի հիմնական դպրոցի տնտեսվարն է: Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում նույնպես առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Արթուր Մաթեւոսյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ, «Էյ-Ի-Ջի սnice» ընկերության փականագործ Իշխան Վահրադյանը: Նշենք, որ մինչ այս Կարմրաքարի գյուղապետն էր ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Վահրադյանը` Իշխան Վահրադյանի հայրը, որն ամիսներ առաջ հրաժարական էր տվել ու արտագաղթել:




Լրահոս