ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի Ամասիայի գյուղապետարանի աշխատակիցը: Նրա մարմինը կախված են գտել ավտոտնակում, կողքին՝ ռուսերեն երկտող: Նույն օրն ինքնասպանության եւս մեկ դեպք է գրանցվել, այս անգամ` Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում. ինքնասպան եղածը 38-ամյա երիտասարդ է:
Նկատենք, որ այս ամիսների ընթացքում մարզերում ինքնասպանության դեպքերը զգալի թիվ են կազմում, իսկ ինքնասպանության դիմելու դրդապատճառները միանգամայն տարբեր են:
Եվ այսպես, Շիրակի մարզի Ամասիա համայնքում ինքնասպան էր եղել 57-ամյա Կարո Ակոպովը: Գյուղապետ Աղասի Ամիրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կարոն Ամասիայում բնակություն էր հաստատել մի քանի տարի առաջ: «Նա Ադրբեջանի փախստական էր եւ իր ընտանիքի հետ ապրում էր մեր գյուղում: Գյուղապետարանում աշխատանքի էր անցել երեք ամիս առաջ` աղբահանությամբ էր զբաղվում, բարեկարգման աշխատանքներ էր իրականացնում: Ճիշտ է, մի քիչ խմիչքի հետ սեր ուներ, բայց մենք նրանից որեւէ տարօրինակ բան չենք նկատել: Շատ հավասարակշռված մարդ էր, ոչ մի առողջական խնդիր չուներ: Երեխաներ ուներ, թոռնիկներ, իսկ որդին աշխատում էր Ամասիայի կաթի գործարանում,-ներկայացրեց գյուղապետը՝ նշելով, որ կատարվածի մեջ ինքը որեւէ տարօրինակ բան չի տեսնում,-հիմա մարդ է, գնացել է ավտոտնակ ու կախվել է: Ասում  են նաեւ, որ երկտող է գրել, թե «Ես գնում եմ, դուք մնում եք, մնաք բարով, թոռնիկիս կհամբուրեք»: Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է եղել նրա նամակը, ու այլ բան էլ չգիտենք, թե ինչը կարող էր լինել նրա այս քայլի պատճառը»:
Նույն օրն ինքնասպանության եւս մեկ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում: Իր կյանքին վերջ էր տվել 38-ամյա Էդգարը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարսերի գյուղապետ Զավեն Հարությունյանն ասաց, թե տղան հոգեկան խնդիրներ է ունեցել. «Նրանց ընտանիքը սոցիալապես շատ լավ վիճակում է գտնվում, սակայն Էդգարը փոքր տարիքից հոգեկան խնդիրներ է ունեցել եւ գնաց այս քայլին»: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` տարիներ առաջ Էդգարի պապիկը եւս իր կյանքին վերջ է տվել՝ ինքնասպանություն գործելով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս