Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը վերջապես հայտարարեց իր նոր կուսակցության ստեղծման մասին: «Համախմբում» կուսակցության կազմում ընդգրկված են պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն ու Երվանդ Բոզոյանը:
ArmLur.am-ը զրուցել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ:
– Պարո՛ն Մարգարյան, ինչո՞ւ որոշվեց հենց այս լարված փուլում հայտարարել կուսակցության ստեղծման մասին:
– Եթե անկեղծ լինենք` ե՞րբ է եղել, որ լարված չի եղել: Կարող էր ավելի շուտ լինել, հենց լարվածությունն էր պատճառ, որ մի քիչ հետաձգեցինք: Բայց այդ պահին, երբ հայտարարեցինք, մենք ասեցինք, որ պահը հարմար է:
– Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության նպատակներ կա՞ն:
– Մեր հայտարարության մեջ հստակ գրված է, այո՛, տեսնում ենք համագործակցության եզրեր, մենք հստակ գրել ենք հայտարարության մեջ և գրել ենք, թե ինչպես ենք տեսնում:
– Պարո՛ն Մարգարյան, ժամանակին Գագիկ Ծառուկյանը թողեց կուսակցությունը, մտավախություն չկա՞, որ Վարդան Օսկանյանն էլ կարող է մի օր այդպես վարվել:
– Ոչ, չի մտահոգում, որովհետև կուսակցությունը չի ստեղծվում անձի հետ, որ ենթադրենք մեկը գնա, կամ չգնա: Նախ Օսկանյանը ինչու պետք է գնա, պարզ չի, և երկրորդ կուսակցությունը չի ստեղծվում որևէ անձի շուրջ: Այն բավականին կուռ, թիմային կառույց է լինելու:
Նաիրա Հովհաննիսյան