Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ եւ երկու անօդաչու թռչող սարք: Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, OSTKRAFT-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան եւ վերադառնալ բանակցությունների սեղան: «Հաշվի առնելով այդ տվյալները` խորապես չհիմնավորված են երեւում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի»,- նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂի հնարավոր ճանաչումն է:
OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ մարտական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈւ եւ ԼՂ-ի միջեւ, ինչի համար ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԼՂ-ում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել են շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղություններով հարձակում գործելու մեջ: Ադրբեջանը մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ իր ագրեսիայի արդյունքում կրած կորուստի իրական չափը:
Meydan TV-ն իր հետազոտությունների արդյունքներով հայտնել է, որ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 101 զինծառայող եւ միաժամանակ նշել, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնել էր, որ ապրիլի 15-ին Ադրբեջանի կորուստն, իր «զգուշավոր գնահատականներով», նվազագույնը 400 զինծառայող է:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 15-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր: