2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդան քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրեն, քաղաքապետի ընտրություններում 25/09 ընտրատեղամասում Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթեւոս Ավանեսյանը հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, Կարենն ու Մհերը այդ օրը, ժամը 10:40-ի սահմաններում, թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասի մոտ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով ստացել է վնասվածք:
Ավելին՝ Ավանեսյանը նկարագրել էր, թե ինչպես են ծեծել իրեն. «Ես ինձ համար կանգնած էի, ինձ մոտեցավ ջիպ մեքենա, ապակին իջացրեց, Սասուն Միքայելյանն էր՝ մյուս թեկնածուն, հայհոյեց, բնականաբար, ես պատասխանեցի, դուրները չեկավ: Երեք հոգի դուրս եկան մեքենայից, Սասուն Միքայելյանը, Կարենը, Մհերը, հարձակվեցին վրես: Ընթացքում եղան հարվածներ, դե, բնական է, կռվի մեջ փլավ չեն բաժանում: Փախա… Նրանցից մեկը՝ Մհերը, հետևիցս խփեց, ընկա, կանայք, տղամարդիկ ամոթանք տվեցին, որովհետեւ կռվող մարդը երեք հոգով մեկ հոգու վրա չի հարձակվում»:
Այս հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ արդյոք Ավանեսյանին ծեծել են, եւ նա ստացել է վնասվածք: Արդյունքում պարզվել էր, Ավանեսյանը խաբել է, նրա մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Իսկ երբ իրավապահները կանչել էին հերթական անգամ հարցաքննության, որպեսզի պարզեն, թե ինչպե՞ս են Սասուն Միքայելյանի կողմնակիցները ծեծի ենթարկել իրեն, բայց որեւէ վնասվածք չկա, Ավանեսյանը, երբ հասկացել է, որ գործը լրջանում է, Արամ Դանիելյանն էլ իրեն «անտեր է» թողել, սկսում է կատարվածը կտուրը գցել` ասելով, թե իրականում Սասուն Միքայելյանը եւ այլ անձինք իրեն հարվածներ չեն հասցրել:
Հրազդանի քաղաքապետի թիմակիցը սուտ է խոսել՝ նախապես իմանալով այդ մասին: Իսկ քրեական օրենսգիրքը ունի հատուկ հոդված՝ սուտ մատնության մասով: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Մաթեւոս Ավանեսյանը նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ անհիմն մեղադրել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին: Արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով` հանցագործության մասին սուտ մատնություն տալը պատժվում է ազատազրկմամբ երկու տարի ժամկետով:
Հիմա կա՛մ պետք է Մաթեւոս Ավանեսյանը կալանավորվի եւ 2 տարի անցկացնի բանտում՝ Սասուն Միքայելյանի եւ նրա թիմակիցների վրա «շառ անելու» համար, կա՛մ էլ պետք է իրավապահներին հայտնի, որ Սասուն Միքայելյանի սուտ մատնություն անելու հրահանգը տվել է քաղաքապետ Արամ Դանիելյանը: Այս դեպքում Ավանեսյանի արարքը գուցե փոքր-ինչ մեղմանա, բայց ամեն դեպքում, Միքայելյանի «վրա գրելը» ծանր կնստի Մաթեւոս Ավանեսյանի վրա, քանի որ նրան «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրենի պաշտոնից անմիջապես պետք է հեռացնեն:
Քնար Մանուկյան