Մոսկվայում տեղի է ունեցել “Հայկական արտադրանքի տոնավաճառ-ցուցահանդեսի” բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Մոսկվայի քաղապետարանի կողմից հայտարարված “Торговый город” փառատոնի եւ Մոսկվայի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:
Բացմանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով ընդգծել է, որ ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը ՌԴ-ում մեկնարկում է հայկական արտադրանքների եւ արտադրողների տոնավաճառ-ցուցահանդեսի բացման արարողությամբ:
Խոսելով հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա փուլի մասին` դեսպան Եսայանը նշել է. “Երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ցուցանիշները շարունակում են աճել: Առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ըստ նախորդ տարվա տվյալների, գերազանցել է 1 մլրդ դոլարի սահմանագիծը: Իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների ծավալն աճել է 26 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատությամբ”:
Ելույթով հանդես են եկել նաեւ տնտեսական հարցերով Մոսկվայի քաղաքապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Շարոնովը` ընդգծելով Հայաստանի մարզերի եւ Մոսկվայի ու հարակից շրջանների միջեւ հաստատված հաջող համագործակցության կարեւորությունը: Նա նշեց, որ Մոսկվայի կառավարությունը շահագրգիռ է նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպման հարցում` բնակչությանը տեղեկացնելով երկրից դուրս արտադրվող ապրանքների եւ ծառայությունների մասին:
Միջոցառմանը ներկա էին նաեւ Մոսկվայի կառավարության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Բացման արարողությունը ուղեկցվել է հայկական համույթների կատարումներով, ինչպես նաեւ հայ արհեստագործների աշխատանքների ցուցադրությամբ:
Նշենք, որ տոնավաճառին մասնակցում է 30-ից ավելի ընկերություն, որոնք Մոսկվայում ներկայացնում են հայկական ընկերությունների արտադրատեսականին եւ առաջարկվող ծառայությունները:
Տոնավաճառը կգործի մինչեւ սեպտեմբերի 8-ը: Այս օրերին տոնավաճառի տարածքում տեղի կունենան տարբեր միջոցառումներ` համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ եւ մրցույթներ: Հայկական արտադրանքների տոնավաճառի կազմակերպիչն է Մոսկվայի երիտասարդ ձեռներեցների ,Բերդե ասոցիացիան` Մոսկվայի կառավարության առեւտրի եւ ծառայությունների վաչության աջակցությամբ: